67-ամյա Հովհաննես Մ.-ն աղջկան եւ թոռանը դատարանի վճռով մահացած է ճանաչել, տունը վաճառել եւ գումարները միայնակ ծախսել է: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 67-ամյա Հովհաննես Մ.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա շահադիտական դրդումներով սուտ ցուցմունք է տվել, ներկայացրել ակնհայտ կեղծ տեղեկութուններ, որի հետեւանքով 2008թ դեկտեմբերի 29-ին Շիրամի մարզի ընդհանուր իրավասության դատարանի վճռով աղջիկը՝ Ա.Մ.-ն եւ թոռը՝ Հ. Թ.-ն ճանաչվել են մահացած: Արդյունքում Հովհաննես Մ-ն ձեռք է բերել բնակարանի միանձնյա սեփականության իրավունք, վաճառել բնակարանը՝ խաբեությամբ հափշտակել նրանց մասնաբաժին հանդիսացող 7.291.953 դրամ գումարը:
Բացի այդ, նա հանդիսանալով ՀՀ քաղաքացի, 2006թ ձեռք է բերել ՌԴ քաղաքացիություն եւ ստացել երկու կենսաթոշակ: Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (խարդախություն առանձնապես խոշոր չափերով), 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (խարդախություն, որը կատարվել է խոշոր չափերով), 338 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (սուտ ցուցմունք կամ կեղծ եզրակացություն կամ ակնհայտ սխալ թարգմանություն կատարելը, որը կատարվել է շահադիտական դրդումներով): Սա պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը 5 տարի ժամկետով: Խափանման միջոց է ընտրվել բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը վարույթ է ընդունվել հունիսի 4-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























