Այցով Թունիսում գտնվող Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, թե Ստամբուլի կենտրոնում գտնվող «Գեզի» այգին քանդվելու է:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` Թունիսում Թուրքիայի վարչապետն իր թունիսցի գործընկեր Ալի ալ-Ուրայիդի հետ հանդիպումից հետո կազմակերպած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է Ստամբուլի «Գեզի» այգու շուրջ զարգացումների հետ կապված հարցերին:

Էրդողանը, պնդելով, թե «Գեզի» այգու իրադարձություններում բնապահպանների զգայուն լինելու հանգամանքը վատ նպատակներով է օգտագործվել`նշելով, թե այգու դիմակայությանը մասնակցել են նաեւ ԱՄՆ դեսպանատան պայթյունը կազմակերպած ահաբեկչական կազմակերպության անդամները:

Թուրքիայի վարչապետը հայտարարել է, թե «Գեզի» այգին եւ Աթաթուրքի մշակույթային կենտրոնը քանդվելու է եւ այնտեղ կառուցվելու են նախագծով նախատեսված շինությունները:

Նշենք, որ մայիսի 28-ից Ստամբուլի «Գեզի» այգում կազմակերպվել էր այգին քանդելու դեմ հերթապահություն, որն ավելի ուշ վերածվել է համընդհանուր դիմակայության ամբողջ Թուրքիայի տարածքում:

«Գեզի» այգու դիմակայության հետեւանքով Թուրքիայի տարբեր վայրերում ոստիկանության անհամաչափ գործողությունների հետեւանքով վիրավորվել է 4 հազարից ավել քաղաքացի, մահացել` 2-ը: Բացի այդ, ոստիկաններից մեկը քաղաքացիներին հետապնդելու ժամանակ վայր էր ընկել կամուրջից եւ մահացել: