«Հրապարակը» գրում է, թե Սյունիքի մարզպետի թափուր պաշտոնի համար մեծ մարաթոնն սկսված է: Հիմնական հավակնորդը տեղացի, Սերժ Սարգսյանի զարմիկ, զինվորական Վարդան Ավետիսյանն է, որի շանսերն ամենաբարձրն են գնահատվում`  Սյունիքին ուժեղ բռունցք է պետք, վենդետայի ցավով բռնկված Գորիսին՝ էլ ավելի, որպեսզի դեպքերն անցանկալի շարունակություն չունենան: Գումարած` Իրան-Հայաստան-Ռուսաստան առանցքի կարեւորությունը:

Հավակնորդների թվում է նաեւ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը. գորիսա-սիսիանյան ծագմամբ, 2004-ի կողմերը նա գրեթե նշանակվել էր Սյունիքի մարզպետ, Քոչարյանը կանչել էր՝ ասել, որ գնում ես մարզպետ, սակայն վերջին պահին Սուրիկ Խաչատրյանը կարողացել էր «ատբիտ» անել:

Թեկնածուների թվում են «Հայոց արծիվ» Խաչիկ Ասրյանը, սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը (վերջինս նույնպես կապանցի է), Վահե Հակոբյանը՝ պղնձամոլիբդենայինի տնօրենի որդին, որն ասել է` ես արյան վրա պաշտոնի գնացող չեմ: Չնայած ոմանք պնդում են, թե Մաքսիմն ուզում է, որ  որդին մարզպետ դառնա: Որքան էլ պարադոքսալ` տրվում է նաեւ Սյունիքի նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանի` Լոնդիկի անունը, ինչը քիչ հավանական է: Այս նշանակման վրա կարող է ազդել Սերժ Սարգսյանի ռեֆերենտ, ծնունդով կապանցի Սեւակ Լալայանը:

Այնուհանդերձ, բոլոր կողմերը մեկ բանում համոզված են` Սերժ Սարգսյանը գիտի, թե ում է նշանակելու, ու որոշումը, ըստ ամենայնի, կհրապարակի այսօր տեղի ունենալիք ԳՄ նիստի ժամանակ. ԳՄ-ն հետաձգելու պատճառն էլ հենց այս հարցն է եղել: Նոր մարզպետը կնշանակվի հաջորդ հինգշաբթի՝ կառավարության նիստում: