Մարդկային փոխհարաբերություններն ուսումնասիրող լաբորատորիայի փորձագետները մանկական կոնստրուկցիաներ արտադրողներին մեղադրում են ավելորդ նատուրալիզմ ունեցող եւ բացասական էմոցիաներ փոխանցող խաղալիքներ արտադրելու մեջ: Գիտնականների կարծիքով` լեգոյի ծռմռված, չար կամ վախեցած դեմքեր ունեցող մարդուկները կարող են բացասաբար անդրադառնալ երեխաների հոգեբանության վրա: Այս մասին գրում է Russia today-ը:

Ամեն ինչ սկսվել է 2 տարի առաջ` Ֆուկուսիամայի ատոմակայանի վթարից հետո, երբ Lego-ն արտադրեց ճառագայթումից պաշտպանող դեղին կոստյումներ հագած փրկարարների, որոնք վախեցած դեմքեր ունեին:  Քենթրբերիի Քրստոֆ Բարտնեկի անվան համալսարանի առաջատար գիտնականներից մեկի կարծիքով` սա ոչ միայն հասարակական եւ ինֆորմացիոն սկանդալի պատճառ է դարձել, այլեւ սկիզբ է դրել այնպիսի լեգո-մարդուկների արտադրությանը, որոնց դեմքերին արտացոլվում է դաժան իրականությունը:

Բարտնեկի թիմն ուսումնասիրել է ավելի քան 6000 կերպարներ եւ եկել է այն եզրակացության, որ վերջին տարիներին մանկական կոնստրուկցիաները ավելի մոտ են իրական կյանքին, հատկապես դրա վատ կողմերին: Լաբորատորիայի աշխատակիցները համոզված են, որ այդպիսի խաղալիքները լավ ազդեցություն չեն թողնում երեխաների խաղերի, նրանց հոգեբանության ձեւավորման եւ մարդկային որակների վրա: Հաշվի առնելով, որ լեգոն բավական մեծ տարածում ունի` դրա մարդուկների դեմքերին արտացոլված զգացմունքները կարող են ճակատագրական լինել: LEGO-ի աշխատակիցները դեռեւս չեն մեկնաբանում նորզելանդացի գիտնականների մեղադրանքները: