Սյունիքի մարզպետի պաշտոնակատարի պարտականությունները ժամանակավորապես կատարելու է մարզպետի տեղակալ Արա Դոլունցը: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեցին կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նա կպաշտոնավարի մինչեւ նոր մարզպետի նշանակում: Ի դեպ, Գորիսի արյունալի դեպքերից հետո Արա Դոլունցը ընդհանրապես չի պատասխանում հեռախոսազանգերին:
Նշենք, որ հավանաբար այսօր երեկոյան կայանալիք ՀՀԿ ԳՄ նիստին կքննարկվի Սյունիքի մարզպետի հարցը: Լրատվամիջոցներում այդ պաշտոնին հավակնող անձանց բազմաթիվ անուններ են շրջանառվում, մասնավորապես` սպորտի փոխնախարար Խաչիկ Ասրյան, տրանսպորտի եւ կապի փոխնախարար Հրանտ Բեգլարյանը, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրենի պատգամավոր որդի Մաքսիմ Հակոբյան, իսկ ամենահավանական տարբերակը Պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն է:
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 00:10-ի սահմաններում, Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի տան մոտ հնչել են կրակոցներ, որի հետեւանքով 1 մարդ մահացել է, եւս 2 մարդ հրազենային վնասվածքներով տեղափոխվել են Գորիսի բժշկական կենտրոն: Մահացածը Գորիսի քաղաքապետի նախկին թեկնածու Ավո Բուդաղյանն է, իսկ վիրավորներից մեկը՝ նրա եղբայրը՝ Արտակ Բուդաղյանը, ով ԼՂՀ N զորամասի հրամանատար է, մյուս վիրավորը՝ Նիկոլայ Աբրահամյանն է, ով Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի ազգականն է եւ թիկնապահը:
Կրակոցները հնչել են «Բերետա» տեսակի ատրճանակից եւ որսորդական հրացանից: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով: Վիրավորներին Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության արագ հակազդման բաժնի օպերների ուղեկցությամբ շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երեւան: Գորիսում հայտնի Սդղի լճում խնջույք է եղել, որին մասնակցել է նաեւ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը: Վեճ է ծագել, որը շարունակվել է Սյունիքի մարզպետի տան մոտ: Փաստի առթիվ արդեն հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրօրի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) եւ 235 հոդվածի (ապօրինի զենք, զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) հատկանիշներով:
Դեպքի կապակցությամբ ձերբակալվել, ապա կալանավորվել է Սյունիքի մարզպետի թիկանապահ Զարզանդ Նիկողոսյանը եւ Սուրեն Խաչատրյանի որդին` 19-ամյա Տիգրան Խաչատրյանը: Գործի քննությունն իրականացնում է զինվորական դատախազությունը:
Սուրեն Խաչատրյանը հայտնի դեպքից հետո հայտարարել էր, թե ժամանակավորապես վայր է դնում մարզպետի իր լիազորությունները` մինչեւ նախաքննության ավարտը, թեեւ օրենքով նման բան նախատեսված չէ: Հունիսի 6-ին Կառավարությունը ընդունեց Սուրեն Խաչատրյանի` աշխատանքից ազատման դիմումը:




























