Երեւանի Կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, այսօր`  հունիսի 6-ին, շարունակվել է Հայրիկյանի դեմ մահափորձի գործով Վարդան Սեդրակյանի ու մյուսների դատավարությունը, որը հետաքրքիր զարգացումներ է ունեցել: NEWS.am-ը «Սիրունյան» իրավաբանական գրասենյակից տեղեկանում է, որ նիստին տաքսու վարորդ Կարեն Զաքարյանը, որը իբր Խաչիկ Պողոսյանին կրակելուց հետո տարել է Քանաքեռ, ցուցմունք է տվել, որ նրան չի հիշում: Վկայի խոսքով՝ Խաչիկի լուսանկարը իրեն ներկայացրել են հարցաքննության ժամանակ եւ ասել, որ նման ցուցմունք տա:

Մեղադրյալ Սամվել Հարությունյանը հայտարարեց, որ Վարդան Սեդրակյանը Հայրիկյանի դեպքի հետ կապ չունի: Նրանք նրա դեմ սուտ ցուցմունք են տվել, որի պատճառները մանրամասն կներկայացնեն:

Վարդան Սեդրակյանի պաշտպան Ալեքսանդր Սիրունյանը հայտարարել է, թե դատավարության առաջին օրվանից  (չհաշված՝ նախաքննության ամբողջ ընթացքը) մեղադրող կողմից այդպես էլ չենք կարողացել ստանալ Վարդան Սեդրակյանի մեղադրանքի հիմքերը՝ այսինքն այն ապացույցները, որոնք ընկած են Վ. Սեդրակյանի (շեշտեմ. Վ.Սեդրակյանի, այլ ոչ թե բոլոր մեղադրյալների միասին) մեղադրանքի հիմքում, ինչը «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 6 հոդվածի համաձայն պարտադիր է:

Նախաքննության ընթացքում քրեական հետապնդման կողմը մեղադրանքի հիմքերը չէր տրամադրում, ստեղծելով դատավարական ձգձգումներ (որի հնարավորությունը քննիչն ունի): Իսկ դատական քննության ընթացքում մեղադրողը դրանք պարզապես չի ներկայացնում, իբր մեր հայտարարությունները չի լսել, իսկ դրանք արվել են: «Ավելին, Դատարանի հավաստմամբ, մեղադրանքի հիմքերին մենք բոլորս պետք է անդրադառնայինք դատական քննության նախապատրաստման ավարտից հետո:

Ընդ որում, մեղադրող կողմը պարտավոր է մեղադրանքի հիմքերը ներկայացնել ոչ թե պաշտպանական կողմի դրդմամբ կամ խնդրանքով, այլ պարտավոր է, որովհետեւ պարտավոր է միշտ:

Ավելին, մեղադրանքի հիմքերը ոչ միայն պետք է ներկայացվեն, այլեւ՝ պետք է ներկայացվեն հանգամանորեն եւ մատչելի, ինչպես նշված է Կովենցիայի 6-րդ հոդվածում: Տվյալ դեպքում, մեր կարծիքով հատուկ, դիտավորյալ (այլ պատճառ չենք գտնում), մեղադրող կողմը մեղադրական եզրակացությունում շարադրել է բոլոր մեղադրյալներին վերաբերող ապացույցները, այն էլ՝ խառը հերթականությամբ, դրանց անունը դնելով Վ.Սեդրակյանի, Ս.Հարությունյանի եւ Խ.Պողոսյանի մեղքը հիմնավորող ապացույցներ: Այդպիսի դատավարական «սոփեստությունը» անթույլատրելի է»,- հայտարարել է փաստաբանը:

Ալեքսանդր Սիրունյանի կարծիքով`  Վ.Սեդրակյանի մասնակցությունը Պ.Հայրիկյանի հետ պատահած դժբախտությանը ոչ միայն, մեղմ ասած, վիճելի է, այլեւ չկա նաեւ գոնե անուղղակի ապացույց: Այս դեպքում, փաստաբանի խոսքով, նրա Վարդան Սեդրակյանի պաշտպանվելու իրավունքը խախտվում է եւ դատավարությունը այս վիճակով շարունակվել չի կարող:

Հիշեցնենք, որ Հայաստանի նախագահի նախկին թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա մահափորձ է կատարվել Երեւանի կենտրոնում` իր տան մոտ,  հունվարի 31-ին, ժամը մոտ 23:20-ին: Դրանից հետո նա տեղափոխվել էր «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, վիրահատվել այնտեղ, իսկ վերջերս այնտեղից տեղափոխվել է Կարմիր Խաչի վերականգնողական կենտրոն: Գործը հարուցվել է Հայաստանի ՔՕ 34-305 հոդվածով (պետական, քաղաքական կամ հասարակական գործչի գործունեությունը դադարեցնելու նպատակով մահափորձ, որը նախատեսում է 12-20 տարվա ազատազրկում կամ ցմահ դատապարտում):

Հայաստանի ազգային անվտանգության ծառայության օպերատիվ-քննչական միջոցառումների արդյունքում,  փետրվարի 7-ին, Հայրիկյանի վրա մահափորձ կատարելու կասկածանքով ձերբակալվել են երկու տղամարդ` Խաչատուր Պողոսյանն ու Սամվել Հարությունյանը, որոնք Երեւանում էին գտնվում անօրինական կերպով, առանց որոշակի զբաղմունքի, եւ ավելի վաղ դատապարտվել էին թմրանյութերի ապօրինի շրջանառության համար: Երկուսն էլ խոստովանական ցուցմունքներ են տվել, սակայն մինչ օրս հայտնի չեն նման քայլի դրդապատճառները: Ավելի ուշ նախագահի մեկ այլ թեկնածու, էպոսագետ ներկայացող Վարդան Սեդրակյանն է կալանավորվել, նա մեղադրվում է ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի նկատմամբ իրականացված սպանության փորձ պատվիրելու համար: Վերջինս մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-34-305-րդ հոդվածով՝ ՀՀ նախագահի թեկնածուի քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով` նրան կյանքից զրկելու փորձը պատվիրելու համար:

Ավելի ուշ կալանավորվել է նաեւ նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանը, ում մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր մտերիմներ Սամվել Հարությունյանին և Խաչատուր Պողոսյանին 2013 թվականի հունվարի սկզբներին պատվիրել է ԱԻՄ առաջնորդ Պարույր Արշավիրի Հայրիկյանի սպանությունը՝ նրա քաղաքական գործունեությունը դադարեցնելու նպատակով: