Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Զարգացման հայկական գործակալություն» փակ բաժնետիրական ընկերության խորհրդի հերթական նիստը։
Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ համաձայն օրակարգի` քննարկվել է գործակալության 2012 թ. տարեկան գործունեության հաշվետվությունը: Մասնավորապես, ԶՀԳ-ի գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանն անդրադարձել է ներդրումների ներգրավման եւ արտահանման խթանման ուղղությամբ իրականացված ու ընթացիկ ծրագրերին: Նա տեղեկացրել է, որ 2012 թ. օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է շուրջ 10 մլրդ ՀՀ դրամ (շինարարություն, բարձր տեխնոլոգիաներ, բիոտեխնոլոգիաներ եւ այլն), արտահանման խթանումը` շուրջ 4.5 մլրդ ՀՀ դրամ (սննդարդյունաբերություն, ոգելից եւ ոչ ոգելից խմիչքներ եւ այլն), կազմակերպվել են գործարար համաժողովներ եւ միջազգային ցուցահանդեսներ, տարվել են տեղեկատվական օժանդակության աշխատանքներ:
Հաջորդ հարցով ներկայացվել է գործակալության 2013 թ. միջոցառումների ծրագիրը, որը, ԶՀԳ-ի գլխավոր տնօրենի տեղեկացմամբ, համահունչ է արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության 2013 թ. համար նախանշված գործողությունների ծրագրին եւ ոլորտներին (բարձր տեխնոլոգիաներ, դեղագործություն, բիոտեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն, սննդի վերամշակում եւ այլն):
Նիստում արծարծվել են գործակալության կառուցվածքային փոփոխություններին վերաբերող եւ կազմակերպչական այլ հարցեր եւս: Վարչապետ Սարգսյանը հանձնարարել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության հետ քննարկել դրանք եւ առաջարկություններ ներկայացնել խորհրդին:
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ ծննդյան 50-ամյա հոբելյանի առթիվ եւ թեթեւ արդյունաբերության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի, ակտիվ գործունեության ու վաստակի համար «Տոսպ» բաց բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Սուրեն Բեկիրսկին պարգեւատրվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով։




























