Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 7-ին, ընդունել է Հայաստանում անցկացված դպրոցականների առարկայական օլիմպիադաների եզրափակիչ փուլում մրցանակային տեղեր գրաված եւ գովասանագրերի արժանացած Լեռնային Ղարաբաղի Հանրապետության աշակերտներին ու նրանց ուսուցիչներին:
ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ Բակո Սահակյանն արժեքավոր նվերներ եւ դրամական պարգեւներ է հանձնել ներկաներին` երախտագիտություն հայտնելով կատարված աշխատանքի համար: Իր խոսքում Բակո Սահակյանն ընդգծել է, որ հայ ժողովրդի կարեւորագույն ռեսուրսը նրա մտավոր ներուժն է, որը ոչ միայն անսպառ է, այլեւ ճիշտ օգտագործման դեպքում բազմապատկվում է` ստանալով նոր որակ, հավելելով, որ այն հանդիսանում է մեր տնտեսության զարգացման ու զորացման ամենահուսալի գրավականներից մեկը:
Երկրի ղեկավարի խոսքով` պետությունն այսուհետ էլ կանի հնարավորը, որպեսզի Արցախում լինի ժամանակակից կրթական համակարգ եւ մատաղ սերունդը ստանա որակյալ կրթություն, սովորի միջազգային ստանդարտներին համապատասխան պայմաններում:
Միջոցառմանը մասնակցել են ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:




























