Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի թեկնածությունն առաջադրել են երրորդ ժամկետի համար: Հունիսի 7-ին «Ենի Ադրբեջան» («Նոր Ադրբեջան») իշխող կուսակցության համագումարում նրա թեկնածությունն ընդունվել է միաձայն:

Համագումարի ժամանակ Ալիեւը վերընտրվել է նաեւ կուսակցության նախագահ: Ընդ որում, տեղակալներից մեկն է դարձել նրա կինը՝ Մեհրիբան Ալիեւան, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները:

Պետք է նշել, որ «անփոխարինելի» Ալիեւի «այլընտրանք չունեցող» կերպարը «միաձայն» առաջադրվում է բողոքների զանգվածային ճնշումներին եւ ընդդիմադիր գործիչների ու լրագրողների հետապնդումներին զուգահեռ, որոնցից շատերը բանտում են:

Չնայած դրան, նախագահական ընտրություններին մասնակցելու մտադրության մասին արդեն հայտնել են ընդդիմության մի քանի ներկայացուցիչներ՝ մասնավորապես «Մուսավաթ» կուսակցության առաջնորդ Իսա Ղամբարը: Ընդդիմությունը դիտարկում է նաեւ միասնական թեկնածուի առաջադրման հնարավորությունը, եւ որպես այդպիսին դիտարկվում է դրամատուրգ եւ կինոռեժիսոր Ռուստամ Իբրահիմբեկովը, որը վերջերս ստեղծված Դեմոկրատական ուժերի ազգային խորհրդի նախագահ էր ընտրվել:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահական ընտրությունները տեղի կունենան 2013թ. հոկտեմբերին: Իլհամ Ալիեւը նախագահ է դարձել 2003 եւ 2008թթ., իսկ նախագահական աթոռը ժառանգություն էր ստացել հորից՝ Հեյդար Ալիեւից: Ալիեւ-կրտսերի անփոխարինելի ներկայությունն այդ պաշտոնում հաստատելու համար  Ադրբեջանի Սահմանադրությունում փոփոխություններ էին կատարվել, որոնք վերացնում են մեկ անձին երկու անգամից ավելի նախագահ ընտրվելու արգելքը: