Ադրբեջանի ԱԳՆ նյարդային արձագանքը ցույց է տալիս, որ այդ երկրի ղեկավարության քաղաքականությունը դատապարտված է ձախողման: NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը` մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունը:

« Ադրբեջանի ԱԳՆ նյարդային արձագանքը կրկին վկայում է, որ Ադրբեջանի ղեկավարության քաղաքականությունը` միտված ավտորիտար իշխանության պահպանմանն ու ժողովրդի հաշվին ժառանգական կլանի անզուսպ հարստացմանը, դատապարտված է ձախողման»,- նշել է Բալայանը եւ հավելել. «Ժողովրդին  պետք է կերակրել ոչ թե սպիտակ ցուլիկի մասին հեքիաթներով, այլ, ինչպես ասվում է Ադրբեջանի վերաբերյալ Եվրամիության երեկվա հայտարարության մեջ, իրական քայլերով` ուղղված ժողովրդավարության եւ մարդու իրավունքների ապահովման ոլորտում կամավոր ստանձնած պարտավորությունների կատարմանը»:

Նշենք, որ Ադրբեջանի ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Էլման Աբդուլլաեւը, մեկնաբանելով ՀՀ ԱԱխ նիստում նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը, հայտարարել էր, թե սեփական ժողովրդի առջեւ արդարանալու համար Սերժ Սարգսյանը պոպուլիստական հայտարարությունն է անում: Ըստ Աբդուլլաեւի, հայաստանը ներգրավված չէ տարածաշրջանային զարգացման գործընթացներում, եւ դա նյարդայնացնում է Հայաստանի իշխանություններին: