Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության աշխատակիցների կողմից ապամոնտաժման աշխատանքներ են իրականացվել մայրաքաղաքի թիվ 1 կամ, ինչպես ընդունված է ասել՝ «Փակ շուկայի» տարածքում: Այդ մասին ասում են Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Աշխատանքները, ինչպես նշել է  քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչության պետ Հայկ Ասատրյանը, իրականացվել են «Փակ շուկայի» տանիքի ծավալից դուրս բազմահարկ շինություն կառուցելը կանխելու նպատակով:

Ապամոնտաժվել են շուկայի տարածածավալական չափերի խախտումով տեղադրված  բետոնե հենասյուները: Ընթացակարգի համաձայն՝ քաղաքապետարանը նախ նախազգուշացրել է շինարարությունն իրականացնողին՝ սեփական ուժերով խախտումը վերացնելու վերաբերյալ:  Դրանից հետո է միայն իրականացվել ապամոնտաժումը:

Հայկ Ասատրյանը տեղեկացրել է նաեւ, որ շուկայի շինության ծավալից դուրս բազմահարկ շինություն իրականացնելու համար համապատասխան քաղաքաշինական փաստաթուղթ հաստատելու հարց քաղաքապետարանում երբեւէ չի քննարկվել եւ չի քննարկվելու: