Նոր Նորքում Վոլոդյա Ն.-ն դանակի հարվածով սպանել է որդուն: Ավան եւ Նոր-Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ Վոլոդյա Ն.-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ իրենց` Նոր Նորքի 2-րդ զանգվածի բնակարանի իր ննջասենյակում, հարբած վիճակում գտնվող որդու` Վլադիմիր Ն.-ի կողմից իրեն հայհոյելու, վիրավորելու, այնուհետեւ բռունցքով իր գլխին հարվածելիս վիրավորված, նույն ննջասենյակում գտնվող դանակով մեկ անգամ հարվածել է որդու կրծքավանդակի ձախ կեսի սրտապտկային հատվածին եւ դիտավորությամբ ապօրինաբար զրկել կյանքից:
Քրեական գործ է հարուցվել 104 հոդվածի 1-ին մասով (սպանությունը` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկելը): Սույն հոդվածը պատժվում է ազատազրկմամբ` 8-15 տարի ժամկետով: Խափանման միջոցը ընտրվել է բնակավայրից չհեռանալու ստորագրությունը: Գործը դատարան է ստացվել հունիսի 6-ին:
Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:




























