Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը NEWS.am-ի թղթակցի հետ բացառիկ անկեղծ հարցազրույցում պատմում է, թե ինչպիսի ընտանիքում է մեծացել, ինչու է դպրոցում տնօրենը հյուսերից քաշել, ինչպես է դպրոցում եւ համալսարանում լիդերությունը վերցրել իր ձեռքը, ինչպես է Կարեն Դեմիրճյանը նկատել իրեն: Նա պատմում է, թե ինչու հայրը չի թողել մազերը կտրել, որն է եղել պատճառը, որ հայրն իր ձեռքը չի տվել իրենց տուն եկած տղաների ծնողներին:
Հարցազրույցը ներկայացնում ենք ստորեւ.
Տիկին Հակոբյանը, ծնվելով եւ մեծանալով Սարուխանում, ապա Գավառում, ձեր գործունեության ընթացքում հասցրել եք Ճանաչվել տարվա լավագույն մարդ, լավագույն պատգամավոր, լավագույն քաղաքական գործիչ: Ինչպիսի՞ ընտանիքում եք մեծացել: Ի սկզբանե ունեցե՞լ եք այդ ազատությունը, թե՞ պայքարել եք այն նվաճելու համար:
Ես շնորհակալ եմ Աստծուց, որ ծնվել եմ Հրանտ Հակոբյանի եւ Թերեզա Օհանյանի ընտանիքում: Մեծացել եմ այնպիսի ժամանակաշրջանում, երբ նոր-նոր մարդիկ թոթափում էին ստալինյան ծանր բեռը: Հայրս չափազանց առաջադեմ եւ գրագետ մարդ էր, նույնը կարող եմ ասել մորս մասին, տաղանդաշատ կին է, եւ երեխաներիս մղում էր դեպի կրթություն եւ գիտություն: Մայրս 35 տարի եղել է դպրոցի տնօրեն: Կիրթ, գրագետ մարդիկ են եղել իմ ծնողները եւ դա օգնել է, որ երեխաներս կայանանք որպես այդպիսիք: Հայրս գիտնական էր, փիլիսոփայության դոկտոր-պրոֆեսոր. նա հիմնադրեց Գավառի պետական համալսարանը, որը փրկություն էր տարածքի համար այն մութ ու ցուրտ տարիներին, երբ ամեն ինչ ոչնչացվում էր եւ թալանվում:
Մեր ընտանիքը խիստ ավանդապաշտ է, հատկապես հայրս էր այդպիսին:
Ինչ վերաբերվում է ազատության, ապա հատկապես կնոջ համար ամեն ինչ չափի մեջ է գեղեցիկ։ Ես ազատ եմ իմ մտքերի, խոսքի, սկզբունքների առումով, սակայն որպես կին շատ ավանդապաշտ եմ։
Տիկին Հակոբյան փոքր ժամանակ չարաճճի՞, թիթի՞զ, լռակյա՞ց, թե՞ կռվարար երեխա եք եղել: Պատահե՞լ է, որ կռիվների մեջ ընկած լինեք եւ գան ձեր տուն` ծնողներին ձեզանից բողոքելու: Ինձ մոտ տպավորություն է, որ ընտանիքում ամենասիրված երեխան եք եղել:
Չի երեւո՞ւմ, որ ես չարաճճի եղած պետք է լինեմ: Ընտանիքում 4 երեխա ենք՝ 3 աղջիկ, մեկ տղա: Ես մի գաղտնիք բացեմ: Երբ մայրս ունեցել է աղջիկ եւ տղա, երրորդ երեխան չի ցանկացել ունենալ, նա ցանկացել է ինձանից ազատվել, որովհետեւ դպրոցի տնօրեն լինելն աշխատատար գործ էր, հատկապես այն բարդ տարիներին: Բարեբախտաբար, ես լույս աշխարհ եմ եկել: Ծնվել եմ 5.5 կգ, 56 սմ, մայրս զայրացել է, թե ինչու տղա չեմ ծնվել: Գիտեք` հայ ընտանիքները շատ են սիրում տղա ունենալ, որ նոր երեխա այլեւս չունենա։ Հայրս զայրացել է եւ ասել, որ «հենց քեզ հակառակ աղջկաս անունը Հրանտ Անուշ եմ դնելու»: Ես ոչ այդքան «հուր» եւ «անուշ» եմ, որքան Հրանտի անուշ եւ իմ անունը դրել են Հրանուշ: Ինչ վերաբերում է նրան, թե ինձ շատ են սիրել, ապա ծնողները բոլոր երեխաներին էլ սիրում են, սակայն հայրս տղային ավելի էր սիրում: Ինքը տղայի նկատմամբ մեծ սեր ուներ, բայց ցույց չէր տալիս: Փոքրին երես էր տալիս որպես փոքր, մեծին՝ մեծ, տղային տղա: Ես էլ միշտ կատակով ասում էի. «Դե ինձ էլ չեք սիրում, որովհետեւ ես ոչ մեկը չեմ` երրորդն եմ»: Մենք հայկական ընտանեկան ավանդույթների հետեւողական կրողներն ենք: Մեր ընտանիքում հայրս եղել է կենտրոնում եւ մենք բոլորս ակնածանք ենք ունեցել նրա նկատմամբ եւ դա մորս դաստիարակության շնորհիվ էր:
Մայրս է կարողացել նման պաշտամունք ձեւավորել մեր սիրելի հոր նկատմամբ: Նա տղային, երեւի թե, ամեն ինչ թույլատրում էր` ազատություն, ակտիվություն: Ասում էր տղան պետք է չար լինի, ակտիվ լինի, բակում կարողանա ինքն իրեն պաշտպանել, ինչ-որ տեղ նաեւ քույրերին պաշտպանել, բայց աղջիկների նկատմամբ ինքն ավելի պահանջկոտ էր, որ աղջիկները պետք է լինեն չափված-ձեւված, զուսպ: Որպես պահպանողականության օրինակ ասեմ, որ դպրոցը հյուսերով ավարտեցի: Մինչեւ 3-րդ կուրս հայրս չէր թողնում, որ մազերս կտրեմ: Ես համալսարանում միակ աղջիկն էի, ով աչքի էր ընկնում երկար մազերով` հյուսերով: Մայրս մի անգամ ստիպված եղավ ըմբոստանալ՝ հորս ասելով, թե ինչու մեր երեխան պետք է տարբերվի մյուսներից: Հայրս ասաց իմ աղջիկն է, դրա համար: Հետո մի կերպ համաձայնեց, որ մազերս կտրեմ:
Ես չեմ հիշում մի դեպք, երբ մեր ընտանիքում երեխաներից մեկը ծնողներին հակադրված լինի: Հորս մեկ հայացքը բավական էր, որ զգաստանայինք: Մեր դաստիարակությամբ հիմնականում մայրս է զբաղվել: մինչեւ այսօր էլ չորսս էլ հլու հնազանդ լսում ենք, ենթարկվում եւ կատարում մորս կամքը, որովհետեւ ինքը միշտ ճիշտ է: Այսօր էլ իմ ամենամեծ խորհրդատուն մայրս է:
Հեռուստատեսությամբ խոսելիս, անգամ հագուստիս համար, դիտողություն է անում. ես ընդունում եմ եւ չեմ հակադրվում: Հայաստանից, եթե մի քանի օրով բացակայում եմ վերադառնալիս մայրս այնքան ճիշտ է կարողանում քաղաքական գործընթացներին գնահատականներ տալ եւ ինձ ուղղորդել, որ իմ խորհրդականներից եւ ոչ ոք չի կարող այդքան պրոֆեսիոնալ անել: Ես շատ-շատ ուրախ եմ, որ նման մեծերի հետ եմ շփվել եւ հիմա էլ մորս հետ շարունակում եմ ապրել:
Համոզված եմ, որպես լավ սովորող աշակերտ, ձեր նկարը փակցված է եղել դպրոցի պատին: Բացի լավ սովորելուց էլ ինչո՞վ էիք հայտնի դպրոցում: Ուսուցիչներից երբեւէ նկատողություն ստացե՞լ եք:
Ճիշտ է, իմ նկարը փակցված է եղել դպրոցի պատին առաջին դասարանից մինչեւ ավարտական դասարանը: Այսօր էլ իմ նկարը փակցված է դպրոցի պատին՝ որպես ոսկե մեդալակիր։ Դպրոցում ընդհանրապես 4 գնահատական չեմ ստացել: Առանց չափազանցության 10-15 րոպեում բոլոր դասերը սովորում էի, քանի որ մաթեմատիկական տրամաբանությունն ու գիտելիքներս, հիշողությունս օգնում էին մյուս դասերը պատրաստելու համար: Արդյունքում շատ ազատ ժամանակ ունեի բակում խաղալու համար: Խաղեր էի կազմակերպում, նորություններ ստեղծում: Երբեմն, հարցնում են առաջնորդ ծնվո՞ւմ են, թե՞ դառնում: Ես այն կարծիքին եմ, որ նախ եւ առաջ ծնվում են: Դպրոցական տարիներին, օրինակ, հացի խնայողության շարժում սկսեցի: Ինչ անենք, որ հացը չթափեն: Հավաքում էինք եւ տանում ծիտիկներին, կենդանիներին էինք կերակրում, քանի որ համարում էինք, որ հացը սրբություն է: Շշեր, անվադողեր էինք հավաքում: Ծաղիկների աճեցման ծրագիր կազմակերպեցինք, որ ծաղիկ աճեցնենք դպրոցի դասարանների համար: Իմ աշխատասենյակում տեսեք ինչքան ծաղիկներ կան, այդ սովորույթը ենթագիտակցությանս մեջ մնացել է:
Մայրս աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով շատ քիչ էր գալիս ծնողական ժողովներին, նա շատ զբաղված էր: Երբեմն, լաց էի լինում, թե ինչու չես գալիս, որովհետեւ գիտեի, թե ինչ պետք է ասեին: Մի դրվագ մտաբերեցի. 8-րդ դասարանում դպրոցական աղմուկի վազքի մեջ երկու հյուսերիցս տնօրենը բռնեց , ձգեց եւ ասաց. «Իսկական Հուր ու Անուշ ես: Իսկական»: Սթափվեցի, ասացի. «Ես Հուր ու Անուշ չեմ, ես Հրանտի Անուշ եմ»: Ասաց. «Ի՞նչ, ապա քո անունը բառակազմական վերլուծության ենթարկիր»: Ես այդ պահին ապշեցի եւ 8-րդ դասարանում անունիս իմաստը դպրոցի տնօրենի օգնությամբ իմացա: Մի դեպք էլ կարող եմ պատմել: Մաթեմատիկայիս ուսուցիչը ինձ շատ էր սիրում: 9-րդ դասարանում, երբ գրատախտակի մոտ խնդիր էի լուծում ասաց` մարդ կա բոյ ունի, խելք չունի, մարդ էլ կա խելք ունի, բոյ չունի: Հիմա այս աղջկան երկուսն էլ տրված է ու ականջս այնպես ձգեց, որ ձայն դուրս եկավ: Ասաց. «Քո ականջը ո՞վ ռիսկ ունի ձգելու, կամ ո՞վ կձգեր: Ասացի ձգեմ, որ իմանաս, թե ինչու ենք թույլ աշակերտի ականջը ձգում»: Նա հրաշք մարդ էր, Հայաստանում շատ հայտնի մաթեմատիկոս: Իմ կայացման համար նրան էլ եմ պարտական:
Երբ ընդունվեցի համալսարանի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետ` ու երբ դպրոցի տնօրենս իմացավ, թե որտեղ եմ ընդունվել, ասաց, որ շատ վատ բան ենք արել, մասնագիտությունը ճիշտ չենք ընտրել, ինչպես կարելի էր այս երեխայի հետաքրքրությունները այդքան նեղացնել: Հոգուս խորքում վիրավորվեցի իմ լավագույն ուսուցիչից: Տարիներ հետո, երբ ՀԼԿԵՄ կենտկոմի առաջին քարտուղար դարձա, ինքն արդեն չէր աշխատում, ասացին եկել է, ես շտապեցի դիմավորել նրան նորից կարմրելով, ամաչելով որպես իմ տնօրեն ասացի ընկեր Հակոբյան ինչ է եղել, ինչի եք եկել: Ասաց. “ Աղջիկս եկել եմ , որ ասեմ, որ վերջապես դու քո տեղը գտար: Մաթեմատիկան քեզ ՙհամար նեղ էր”: Ես եւ հուզվեցի եւ շնորհակալ եղա, թե երախտապարտ: Նա ամեն երեխայի մեջ տեսնում էր նրա ապագան:
Ավարտել եք ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի եւ իրավաբանության ֆակուլտետը: Մասնագիտությունը ձեր, թե ծնողների կամքով ընտրեցիք:
6-րդ դասարանում հերթկան խնդիրների լուծման արագության վրա հայրս հրճվեց եւ ասաց, որ իմ աղջիկը մաթեմատիկոս պետք է դառնա: Իսկ մայրս ուզում էր բժիշկ դառնամ: Բնականաբար ես կատարեցի հորս ցանկությունը, այլեւս մեր տանը քննարկում չեղավ: Հորս խոսքը վերջնական էր եւ ես կատարեցի նրա ցանկությունը: Այսօր տարիներ հեռվից շատ գոհ եմ, քանի որ մաթեմատիկական գիտելիքների շնորհիվ կարողանում ես արագ կողմնորշվել եւ արագ վճիռներ կայացնել:
Ի դեպ, ուսանողական տարիներին վարձով եք մնացել, հանրակացարանում, թե ազգականի տանը: Ուսանողական տարիներից ինչ առանձնահատուկ հուշեր ունեք:
Ուսանողական տարիներս էլ շատ բուռն են անցել: Մենք Քյավառում էինք ապրում, հայրս տեղափոխվել էր դասախոսական աշխատանքի պոլիտեխնիկական ինստիտուտ: Մեր կոպերատիվ բնակարանը երկար կառուցվեց, որ մենք գայինք: Մորս աշխատանքը լուծում էր ընտանիքի բյուջեի հիմնախնդիրները, քանի որ հորս աշխատավարձը մինչեւ գիտական կոչում ստանալը քիչ էր: Երեխաները հերթով ավարտում գալիս էին Հայրիկիս մոտ: Վարձով էինք ապրում: Մեծ քույրս եկավ, հետո եղբայրս, հետո նոր ես: Արդեն ուսանողական տարիներին մեծ քույրս ավարտել էր, ամուսնացել, հորս եւ եղբորս տնային խնդիրների խնամքը իմ վրա էր: Ես եւ սովորում էի եւ իրենց ճաշն էի եփում, շորերն էի լվանում, արդուկում: 16 տարեկան հասակից սկսել եմ ամբողջ տան հոգսը վրաս վերցնել եւ սովորել ԵՊՀ-ի կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում: Ամենադժվարն այն էր, որ, թե հայրս, թե եղբայրս մենակ տուն չէին գալիս, մենակ հաց չէին ուտում: Երբեմն, լինում էր ճաշը պատրաստել նստել եմ դաս սովորելու, եղբայրս իր կուրսեցիներով տուն էին գալիս: Եվ ես ստիպված պետք է երկրորդ անգամ ճաշ եփեի արդեն հայրիկիս համար: Այդպես ես իմ խոհարարական գիտելիքները ավելի շատ ձեռք եմ բերել այդ տարիներին: Դպրոցական տարիներին մայրս ասում էր միայն Ձեր ուսումով զբաղվեք: Ուսանոողական տարիներին ես ամեն ինչ սովորեցի: Չկա մի բան, որ այսօր չկարողանամ անել: Նույնիսկ ձեւել, կարել սովորեցի այդ տարիներին:
Տիկին Հակոբյան այսօր է նկատվում, որ հետեւում եք նորաձեւությանը: Միշտ դասական ոճի մեջ եք: Ուսանողական տարիներին ի՞նչ կերպ էիք հետեւում նորաձեւությանը: Այսօր օգտվո՞ւմ եք բրենդային խանութներից, գործուղումների ժամանակ եք գնումներ կատարում, թե անձնական ոճաբան եւ դերձակ ունեք:
Իհարկե, հետեւում եմ, բայց բրենդամոլ չեմ, քանի որ բրենդները շատ թանկ են: Ես մատչելի գներով եմ իմ հագուստները ձեռք բերում: ԱՄՆ-ում գործուղումների ժամանակ, որտեղ տեսականին շատ է, մեծ ընտրության հնարավորություն կա եւ գները ամենաէժանն են այնտեղ: Ամենաթանկ հագուստս 300 դոլար է, իսկ էժանը 30 դոլար: Այդ գների մեջ է տատանվում: ԱՄՆ-ում շատ հետաքրքիր բաներ կան եւ, երբ սեզոնն անցնում է, 300 դոլարանոցը դառնում է 30 դոլար: 10 անգամ էժանանում է: Եվրոպական հագուստները եւ սուղ են, եւ փոքր, իմ չափերն էլ ինձ ստիպում են, որ ամերիկյան հագուստ գնեմ: Բայց ես կարողանում եմ սիրուն աքսեսուարներով, շալիկներով հագուստին հետաքրքրություն տալ: Ունեմ նաեւ դերձակ եւ հաճախ հագնում եմ մեզ մոտ կարված հագուստ եւ նախընտրում եմ հայկական զարդապատկերներով ձեւավորել այն: Նորարարության խելագար չեմ, բայց ես երկիր եմ ներկայացնում, պետական պաշտոնյա եմ, հատկապես, որ Սփյուռքը շատ դիտողունակ է եւ երբեք չէի ցանկանա ներկայանալ աղքատ ազգականի կարգավիճակով: Իրենք էլ պետք է զգան, որ ամեն ինչ պետք է ներդաշնակ լինի: Ինձ համար կարեւորը ոչ թե դրա հետեւից վազելն է, այլ որ ներկայանալիս անհարմար վիճակի մեջ չհայտնվես: Իհարկե, մարդու մոտ գլխավորը նրա գիտելիքներն են, բայց ճիշտ է նաեւ, որ “ընդունում են հագուկապով, ճանսպարհում՝ խելքով”: Դրա համար հենց առաջին տպավորությունը պետք է բացասական չլինի: Ցանկալի է դրականից անցում կատարես ավելի դրականի:
Ի դեպ, այն տարիներին, ոչ բոլորն էին տաբատ հագնում: Դուք այդ համարձակների՞ց էիք, թե՞ ոչ:
Հայրս եւ եղբայրս շատ կոնսերվատիվ էին սկզբնական շրջանում եւ չէին թույլատրում: Ես էլ տանը եղբորս շալվարներն էի հագնում: Բայց 3-4-րդ կուրսից բանասիրական ֆակուլտետի աղջիկները ավելի շատ սկսեցին համարձակորեն հագնել: Երբ արդեն համալսարանում հայտնվեցին շալվարով աղջիկներ, չէի ասի, որ ես առաջիններից էի, բայց վերջիններից չէի, որ կրեցի: Այսինքն` մեր ֆակուլտետի հենց առաջիններից ես հագա, որովհետեւ շատ հարմար էր, հանգիստ: Ունեի կարմրավուն շալվար եւ վերնազգեստ, որը շատ գեղեցիկ էր եւ ես շատ սիրում էի այդ հագուստը:
Իսկ ինչպե՞ս համոզեցիք:
Կամաց կամաց: Ես միշտ շալվարով էի տանը, որովհետեւ դա հարմար էր հյուր ընդունելիս: Այդպես աչքերը սովորեց: Առաջինը այդ կարմիր շալվարս գնեցինք: Շալվարն աղջկա կնոջ զգեստապահարանում պետք է միշտ էլ լինի թեկուզ օդանավ բարձրանալիս, ավտոմեքենա նստելիս, թեկուզ ճամփորդելիս: Բայց, իհարկե, չպետք է գերակշռի: Ցանկալի է, որ կինը ավելի կանացի հագուստով ներկայանա հասարակությանը եւ շրջապատին:
Ուսանողական տարիներին ավելի շատ տղաների՞ հետ էիք ընկերություն անում, թե աղջիկների: Այն տարիներին տարբեր մարզերից, տարբեր բնավորության տեր մարդիկ էին հավաքվում: Դավաճանություններ, աղջկական նախանձ, ի՞նչ կհիշեք ուսանողական տարիներից:
Հետաքրքիր հարց եք տալիս: Մաթեմատիկական ֆակուլտետում աղջիկներ շատ չէին սովորում: Ավելի շատ տղայական միջավայր էր: Մենք կուրսում 8 աղջիկ էինք: Աղջիկները քիչ էին եւ բոլորս ընկերություն էինք անում: Մեկ աղջիկ ունեիք, որը կարծես այդ ժամանակվա բարոյական նորմերից մի քիչ դուրս էր, հետեւաբար աշխատում էի իր հետ չշփվել, որովհետեւ ինձ համար անընդունելի էր աղջկա չափից ավելի ոչ ընդունելի կերպարը: Աղջիկներով էինք գնում բուֆետ, կինո: Շատ էինք սիրում դրամատիկական թատրոն հաճախել: Մեր կուրսում կային նաեւ վիետնամցիներ, գերմանացիներ: Բարձրահասակ լինելս նպաստել էր, որ ֆիզկուլտուրայի ժամանակ բասկետբոլ, վոլեյբոլ խաղայի, գերմանացիները շատ ուժեղ էին եւ, պարտվելու ցանկություն չունենալով, ձգտում էի նրանց հավասարվել կամ հաղթել: Հիմա էլ մեր համակուրսեցիների հետ կապը պահում եմ: Ես մեր կուրսի հաշտարարն էի: Երբ հանկարծ ինչ-ինչ հարցերի շուրջ աղջիկները փորձում էին իրար կսմթել, ես փորձում էի մեղմել: Չեմ ընդունում, երբ կոլեկտիվը, ընկերները բաժան-բաժան են լինում: Միշտ ասում էի աղջիկներ ինչ ունենք իրար մեջ կիսելու: Այդպես լավ էլ ավարտեցինք: Տղաների հետ էլ եմ ընկերություն արել: Մաթեմատիկայի ֆակուլտետում տղաներն ավելի ուժեղ էին, հետեւաբար ես տղաների հետ էի մրցում, որ իմ գիտելիքը նրանցից պակաս չլինի, օրինակ տղաների հետ որոշում էինք ժամկետից շուտ քննություն հանձնել կամ այս, կամ այն խնդիրը ով ավելի արագ կլուծի: Օրինակ, իմ համակուրսեցի Աշոտ Հովհաննիսյանը ԱՄՆ-ում դարձել է հզոր ընկերության ղեկավար: Այստեղ էլ «Սեներջիի» ղեկավարը, որն իմ ուսանողական լավագույն ընկերն է:
Հնդկական ֆիլմեր դիտելու գնո՞ւմ էիք, ովքե՞ր էին ձեր սիրած դերասան- դերասանուհիները:
Ինչու չէ, գնում էինք «Զիտա Գիտան» նայելու, որը ժամանակին շատ հետաքրքրություն էր ներկայացնում, մենք էլ հետ չէինք մնում: Ես տեսել եմ Փափազին, Ջանիբեկյանին, խոշորներին ովքեր մեր բեմի աստղեղն էին: Հիանում էի Մետաքսյա Սիմոնյանով, Բաբկեն Ներսիսյանով, Վարդուհի Վարդերեսյանով: Ես, որ ասմունքել սիրել եմ, ինձ թատրոնն ավելի շատ էր գրավում, քան՝ կինոն:
Աշխատանքային գործունեության ընթացքում եղել եք դասախոս, կոմերիտական գործիչ, Գերագույն խորհրդի, ԱԺ-ի պատգամավոր, սոցապ նախարար, համակարգել եք կանանց հիմնախնդիրները, Սփյուռքի նախարար, ՀՀԿ ԳՄ անդամ: Հետաքրքիր է, ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը: Ինչպե՞ս ընդունվեցիք աշխատանքի, որքա՞ն գումար վաստակեցինք եւ ինչի վրա ծախսեցիք:
Համալսարանն ավարտելուց հետո 21 տարեկանում սկսեցի դասախոսել ԵՊՀ-ում: Նույնիսկ իմ դասընկերներին դաս եմ տվել: Գնացել են բանակ վերադարձել են եւ 4-րդ կուրսում դաս եմ տվել: Աշխատավարձս ստանալուն պես ուրախ-ուրախ բերեցի մորս տվեցի: Մայրս ասաց, որ սրանից հետո քո գումարները կփոխանցես խնայդրամարկղ: Մենք քո գումարի կարիքը չունենք, քեզ համար հավաքիր: Խելացի մայրս վերջում սխալ դուրս եկավ, որովհետեւ խնայբանկում մեր գումարները կուտակվեցին եւ վերացան: Ես 82 հազար ԽՍՀՄ ռուբլի ունեի բանկում: Մայրս մտածում էր, որ ես աղջիկ եմ, ինձ համար բնակարան ունենամ, առանձին անկյուն ստեղծեմ: Այդպես էր նախատեսում, բայց թե կոմերիտական, թե դասախոսական աշխատանքս կարելի է ասել ջուրը լցվեց: Ես ծառայեցի պետությանն անվճար:
Մինչեւ հիմա էլ, երբ կինը հասնում է ինչ-ինչ հաջողությունների դա վերագրում են գեղեցիկ աչքերին, ոտքերին, ծանոթությանը, կաշառքին, ազդեցիկ ազգականներին, սիրեկանին: Ինչ եք կարծում, Ձեզ հաջողվե՞լ է կոտրել այդ կարծրատիպը:
Մոտ 40 տարի հասարակության աչքի առջեւ եմ ու Ձեր հարցադրումները ինձ հետ որեւէ աղերս չունեն:
Ուսանողական տարիներին ես կուսակցական դարձա: Այդ ժամանակ աղջիկներին ավելի շատ էին կոմկուսի շարքերն ընդունում: Կուսակցության մեջ ընդունվելու համար պետք է լավ սովորող լինեիր, հասարակական աշխատանք կատարեիր: Մաթեմատիկական ֆակուլտետում էլ քիչ էին աղջիկները, եւ ես 4-րդ կուրսում դարձա կոմկուսի անդամ: Երբ ավարտեցի, մի օր ինձ կանչեցին կուսակցական կոմիտեի քարտուղարի մոտ եւ առաջարկեցին համալսարանի կոմերիտմիության քարտուղարի տեղակալ դառնամ, ես հրաժարվեցի պնդելով, որ հայրս համաձայն չէ, որ ես հասարակական գործունեությամբ զբաղվեմ: Հայրս գտնում էր, որ աղջկա գործը մանկավարժությունն է եւ պետք է խորանալ գիտության մեջ: Երբ քարտուղարը ճշտեց, որ հայրս պոլիտեխնիկականում դասախոս է, անմիջապես զանգեց իր կոլեգային եւ խնդրեց, որ հայրիկիս համոզի: Հայրս պայման դրեց. ասաց կաշխատի մի պայմանով, եթե դասախոսական աշխատանքը շարունակի, այդպես էլ եղավ։ Շատ կարճ ժամանակում դարձա առաջին դեմք: Համալսարանի 10 հազարանոց կազմակերպությունն է ինձ լիդեր ընտրել: Համալսարանի հզոր կազմակերպությունում գաղտնի քվեարկությամբ 1-ին դեմք դառնալը երեւույթ էր: Կուսակցության կենտկոմն առաջարկել էր մեկին, նրան չընտրեցին, ընտրեցին ինձ: Այդ ժամանակներում արտառոց երեւույթ էր եւ բոլորը խոսում էին դրա մասին։
Համալսարանի կազմակերպությունը գնալով զարգացրեց իր ավանդույթները եւ դարձավ առաջատար երիտասարդական կազմակերպություններից մեկը, մեր նախաձեռնությունները տարածվում էին նույնիսկ խորհրդային մյուս համալսարաններում: Մի անգամ էլ կուսակցական ժողովին Կարեն Դեմիրճյանը մասնակցեց: Ես ելույթ ունեցա, որպես համալսարանի երիտասարդության ղեկավար, բարձրացրեցի հանրակացարանի ավտոբուսների, երթուղիների խնդիրը եւ մի շարք այլ հետաքրքիր ու հրատապ հարցեր: Դեմիրճյանը այդ պահին մեր ռեկտորին, ով հզոր անհատականություն էր` Սերգեյ Համբարձումյանին ասում է. «Այս աղջկան ուշադրություն դարձրեք` այս աղջիկը աճող կադր է»: Այդ խոսքերը հետագայում իրականություն դարձան: Երբ կոմերիտմիության կենտկոմում քարտուղարի տեղ է ազատվում, Դեմիրճյանը անմիջապես հիշում է համալսարանի աղջկան: Ռեկտորի հետ խորհրդակցելով, (որն իմիջիայլոց ինձ շատ-շատ էր սիրում) ինձ տեղափոխեցին Կենտկոմ որպես քարտուղար: Շատ հետաքրքիր եւ բուռն աշխատանքներ ծավալեցի իմ գործընկերների հետ: Այդ ժամանակ կարողացանք պիոներական վզկապը վաճառքից հանել: Առաջարկեցի կուսակցության կենտկոմին բյուջեում 1 միլիոն ռուբլի հատկացնել այդ նպատակի համար: Պետական բյուջեից գումարը հատկացվեց եւ վզկապը հանվեց վաճառքից: Տուփով նվիրում էինք, դա դարձրեցինք արարողություն եւ երեք տարին մեկ անգամ էինք փոխում, որ երեխայի մեջ վերաբերմունք դաստիարակվի պետական դրոշի նկատմամբ: Այս փորձը միութենական արձագանք ստացավ: Մոսկվայի հասարակական գիտությունների ակադեմիայում էլ եմ սովորել, ինչը ժամանակի պահանջն էր եւ իմ աշխարհայացքի, գիտելիքների վրա մեծ հետք թողեց: Ինչ վերաբերվում է իմ առաջխաղացմանը ապա ժամանակին ղեկավարները նկատեցին իմ համարձակությունը, հարցերը ներկայացնելու կարողությունը, սկզբունքայնությունը եւ աշխատասիրությունը: Իմ կյանքում ինչի որ հասել եմ հասել եմ աշխատանքի նկատմամբ ընդգծված նվիրումի, պատասխանատվության, հետեւողականության շնորհիվ: Շնորհակալ եմ, որ պետական այրերը բոլոր ժամանակներում էլ օբյեկտիվորեն իմ աշխատանքը նկատել եւ գնահատել են: Ես եւս հակված եմ այդ սկզբունքով մասնագետ ընտրելու: Երբ ես նկատում եմ, որեւէ խոստումնալից երիտասարդի ապա անպայման օգնում եմ: Արդեն բոլոր գիտեին, որ իմ գործի ընդունելու սկզբունքը, ոչ թե հեռախոսազանգն է, այլ վերը նշածս հատկանիշները: Աշխատողը պետք է իմանա, որ իրեն իր գիտելիքի համար են ընդունել աշխատանքի եւ ոչ թե ծանոթ-բարեկամի, այդ դեպքում նա ավելի լավ կաշխատի: Երիտասարդներին անհրաժեշտ է օգնել, առաջ տանել, սակայն դուրսպրծուկներից էլ անհրաժեշտ է շտապ ազատվել:
Կարիերայում կայացել եք: Իսկ որքանո՞վ դա խանգարեց անձական, ընտանիք ստեծելուն:
Ասեմ, որ չխանգարեց, ճիշտ չի լինի: Այնպես ստացվեց, որ ես հայտնվեցի պետականության ստեղծման քառուղիներում, ինչը ինձ մարդկայնորեն կլանեց: Անձնականը հաճախ ստորադասվեց: Արդյունքում ես իմ ժամանակը, կյանքը նվիրեցի պետական հասարակական, քաղաքական կյանքին: Ասեմ փոշմանել եմ, երեւիՙ ոչ։ Ընտանիքս այնքան լավն է, որ լցրեց այդ բացը: Փաստորեն իմ երկու քույրերը եւ եղբայրը ունեն 7 երեխա, որոնք նախ եւ առաջ իմն են, նոր՝ իրենցը: Իրենք էլ այդպես դաստիրակեցին, որ այդ երեխաները ավելի շատ ինձ հետ են կապված: Մինչեւ օրվա ավարտը իրենք պետք է ինձ զանգեն, ասեն ինչ արեցին, ինչպես են իրենց գործերը: Հիմա նրանք էլ 14 երեխա ունեն, որոնցով ապրում եմ, որոնց պաշտում եմ։ Իմ ընտանեկան կյանքը այնքան լեցուն է, այնքան հոգեթով , որ այն ինձ ամբողջապես բավարարում է։
Այստեղ ուզում եմ մեկ հարցի վրա հրավիրել մեր լրագրողների ուշադրությունը, որոնք մանավանդ երիտասարդ են եւ միայն կոմերիտական բառն են լսել եւ հաճախ փորձում են իրենց կարծիքով ինձ վիրավորել, հիշեցնելով իմ կոմերիտական անցյալը։ Ասեմ, որ հպարտ եմ իմ անցյալով, որովհետեւ անցած ճանարարհին հետք եմ թողել, գործեր կատարել։ Ասեմ, որ լավագույններն էին դառնում ընտրյալներ: Հայաստանի 700 հազարանոց երիտասարդական կազմակերպությունը ղեկավարելը եւ պատիվ էր, եւ պատասխանատվություն երիտասարդ աղջկա համար: Համալսարանում ուսանողական գարուն եւ քաղաքական երգի փառատոն, փոքր ակադեմիա, մանկավարժական ջոկատներ, իսկ կենտկոմում ինձ բաժին հասան ամենածանր ժամանակները. երկրաշարժ եւ դրա հետեւանքների վերացում, որին անմնացորդ մասնակցեց երիտասարդությունը: Հպարտ եմ նաեւ, որ այդ երիտասարդները, որոնց հետ աշխատել եմ այդ տարիներին ամբողջությամբ իրենց ուսերին կրեցին երկրաշարժի առաջին դժվարությունները, իսկ հետագայում Ղարաբաղյան շարժման ազատամարտիկներն էին եւ պատերազմի հերոսներ: Ահա, թե ինչ երիտասարդություն էր դաստիարակվել այդ ժամանակ: Բոլոր նրանք, ովքեր հանիրավի մրոտում են թղթեր, ուղղակի տեղյակ չեն մեր գործերից: Իսկ պառլամենտական տարիների գնահատականն էլ այն հարյուրավոր օրենքներն են, որոնք մշակել, կամ մասնակցել եմ դրանց մշակմանը իմ գործընկերների հետ: Հետագայում Իրավաբանական կրթությունն էլ ստացա հենց նրա համար որ պառլամենտում կարողանամ օրենքներ գրել։ Ի դեպ ուզում եմ հիշեցնել ոմանց, որ մեծամասնական ընտրակարգով միակ կինն եմ, որ վեց անգամ ժողովրդի կողմից ընտրվել եմ պառլամենտի անդամ, որով էլ պայմանավորված է իմ քաղաքական երկարակեցությունը։
Տիկին Հակոբյան, իսկ եղե՞լ է դեպք, երբ եկել են ձեր ձեռքը խնդրելու եւ ձեր հայրը մերժել է:
Նման բաներ բոլոր աղջիկների հետ էլ լինում են։ Մեր ժամանակներում այսպես ազատ չէր զույգերի ընտրությունը։ Ընտրությունը կատարվում էր, ոչ թե ավելի շատ տղայի եւ աղջկա մեջ, այլ ավելի շատ ծնողներն էին որոշում: Շատ քիչ զույգեր կային, որ իրենք էին այդ հարցը լուծում: Իմ աշխատանքի բնույթի ծանրաբեռնվածության պատճառով ես գրեթե ժամանակ չեմ ունեցել անձնական կյանքով զբաղվելու։ Հայրս էլ մերժում էր գրեթե բոլորին: Կյանքում ինչ-որ բան չհաջողվեց, սակայն իմ մեծ եւ՜ համերաշխ ընտանիքը ամբողջությամբ լցրել է իմ անձնական կյանքը: Ես երեխայի, սիրո պակաս չեմ զգացել, գուրգուրանքի, վերաբերմունքի պակաս չեմ զգացել: Ինձ միշտ լիարժեք եմ զգացել։ Ես ապրում եմ նաեւ անանձնական կյանքով։ Մեր թիմով նախարարություն ստեղծելուց զատ, հիմնարար ծրագրեր հիմնելուց բացի, այս կարճ ժամանակում 31 հոգի նախարարությունից ամուսնացել է, որոնցից 9 զույգն նախարարության աշխատողներ են։ Այսօր 24 թոռնիկ ունենք:
Ասում են խնամիական հարաբերությունների մեջ եք նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Կարեն Կարապետյանի հետ:
Կարեն Կարապետյանը Տաշիրում, նախկին Կալինինոյի շրջանի երիտասարդության ղեկավարն էր, իսկ ես Կենտրոնական կոմիտեի 1-ին քարտուղարն էի եւ ես Կարենի հետ ընկերություն եմ անում արդեն 30 տարուց ավելի։ Հետո խորհրդարանում պատգամավորներ էինք: Նրա տղան եւ քրոջս աղջիկը հանդիպել, ամուսնացել եւ շատ գեղեցիկ ընտանիք են կազմել եւ այսօր ունեն երկու չքնաղ բալիկ: Մենք շատ գոհ ենք մեր խնամիներից. համեստ, կարգին մարդիկ են եւ մենք շատ ջերմ բարեկամներ ենք։
Գավառի բնակչությունը հայտնի է իր հյուրասիրությամբ եւ ուտել խմելով: Դուք այդ սովորույթը, ավանդույթը պահպանո՞ւմ եք, թե՝ ոչ:
Քյավառցիների հայտնի ճաշատեսակներն են քյուֆթան, ձուկը եւ փախլավան: Դա մեր տանը միշտ եղել է, եւ դրանք պատրաստում եմ հաճույքով: Խոհանոցը սիրում եմ, բայց այնտեղ քիչ եմ լինում, երեւի դրա համար էլ սիրում եմ։
Տանը աշխատողներ պահո՞ւմ եք:
Ոչ, չունենք: Երբ հայրս հիվանդ էր, կար օգնող բուժքույր, բայց հիմա ես մորս հետ եմ: Երեկոյան հասցնում եմ որոշակի բաներ անել, բայց քիչ: Տա Աստված, որ մայրս ինձ շատ-շատ օգնի։ Իսկ կիրակի օրերին լուծում եմ տնային բոլոր խնդիրները։
Իսկ համարձակվո՞ւմ են Ձեր ներկայությամբ քյավառցիների մասին անեկդոտ պատմել:
Քյավառցիների անեկդոտները կապված խմելու հետՙ համ ու հոտով են, դրանք լսելիս ուրախանում, սակայն անպարկեշտ անեկդոտներ երբեք թույլ չեմ տվել որ իմ մոտ պատմեն։ Շնորհակալ եմ նաեւ իմ շրջապատից, որ իրենք եւս իմ ներկայության պարագայում որեւէ ավելորդ խոսք չեն ասում։ Անեկդոտներ ծնվում են «Արի Տուն» ծրագրի մասնակիցների շրջանում։
Այսպես, Հայաստանում հյուրընկալող ընտանիքը սփյուռքահայ երեխային նստեցնելով մեքենան, ուզում է տանել զբոսանքի: Ընտանիքի երեխան ասում է. «Պապ, պապ, խոդ տուր մեքենան»: Սփյուռքահայ երեխան զարմացած հարցնում է, թե «Ձեզ մոտ մեքենային խո՞տ կուտան»:
Մեկ այլ անեկդոտ: Որպես կանոն առաջին օրը հյուրընկալ ընտանիքները շատ ճոխ պատ՚րաստություն են տեսնումՙ երեխային ընդունելիս։ Մի ընտանիքում սփյուռքահայ երեխան ինչ ուտում է, ասում է. «աղվոր է, աղվոր է»: Ընտանիքի երեխան ասում է. «Պապա, էս ինչ վատ մարդ ենք բերել, ինչ ուտում է ասում է ահավոր է, ահավոր է»:
Կա՞ մի բան, որ հնարավորություն չունեք գնելու, երկար տարիներ աշխատելով քաղաքականության մեջ եւ ձգտում եք դրան:
Այո, կուզենայի հարմարավետ բնակարան ունենալ, որտեղ գոնե աշխատասենյակ կլիներ: Ապրում եմ ծնողներիս տանը փորձում եմ աշխատավարձս հավաքել բնակարան գնելու համար: Իմ եկամուտները կյանքում եղել են պետական վարձատրությունը եւ բուհական աշխատավարձս։ Իմ դաստիարակությունը թույլ չի տվել, որ որտեղ էլ աշխատեմ, որեւէ անօրինականություն անեմ: Սխալ կարող է արած լինեմ, բայց անօրինականություն՝ ոչ:
Ո՞րն է Ձեր հաջողության գաղտնիքը եւ որտեղի՞ց Ձեզ այդքան ուժ:
Շնորհակալ եմ իմ գեներից, ուժեղ գեն եմ ունեցել: Գենետիկորեն մերոնք շատ խելացի են։ Մեր հարազատները աչքի են ընկնում իրենց գործնականությամբ, աշխատանքին նվիրվածությամբ, ինձ մնում է միայն խորհուրդներով ուղղորդել:
Կա՞ մի բան, որ հանուն դրա պատրաստ եք հրաժարվել նրանից, ինչին հասել եք:
Շատ կուզեի, որ ծնողներս հավերժ լինեին, որովհետեւ իմ կյանքի ամենադաժան եւ ծանր պահը այն էր, երբ կորցրեցի հորս եւ նա այլեւս կողքիս չի: Եթե իրոք դա հնարավոր լիներ, վայրկյան անգամ չէի մտածի:
Ձեր աղոթքներում հայրենիքին եւ ժողովրդին ուղղված խնդրանքներից էլ ի՞նչ եք խնդրում Աստծուց:
Խնդրում եմ, որ մայրս ինչքան հնարավոր է երկար իմ կողքին լինի ու իմ ընտանիքի անդամները առողջ լինեն: Թող մեծախոսություն չլինի, բայց շատ եմ կարեւորում, որ մեր երկիրը խաղաղ լինի եւ աղքատությունը վերանա, որ մարդիկ ստիպված չհեռանան: Իմ մասին շատերը մտածում են որպես խիստ, պահանջկոտ անձնավորություն, սակայն շատ ներող, մեղմ, զգացմունքային, բոլորի վիշտն ու ցավը անձնականացնող տեսակ եմ: Եթե ես զայրանում եմ, դա գործի համար է եւ վայրկյաններ է տեւում։ Հայրս մեզ պատվիրել է. “թշնամուդ լավություն կանես` թող ինքն ամաչի”: Թույլ չի տվել, որ որեւէ մեկի մասին վատ խոսենք:
Աստված թող Ձեզ եւ Ձեր մայրիկին երկար տարիների կյանք տա:
Շնորհակալ եմ:





Զրուցեց Տաթեւ Մեսրոպյանը




























