Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիին՝ Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների սպանության կապակցությամբ՝ խստագույնս դատապարտելով այդ զարհուրելի ահաբեկչությունը:Այդ մասին հայտնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Աֆղանստանում ISAF-ի զորքերից վրացի յոթ զինծառայողներ են զոհվել ահաբեկիչների հարձակման ընթացքում: Վրաստանում հունիսի 7-ը նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի որոշմամբ Սգո օր է հայտարարվել: 

Երկրի ամբողջ տարածքում հունիսի 7-ին խոնարհվելու են պետական դրոշները:

Վրաստանի զինված ուժերի միասնական շտաբի ղեկավար Իրակլի Ձնելաձեն հայտնել է, որ Հիլմենդ նահանգում մահապարտ-ահաբեկիչը բեռնատարի պայթյուն է իրագործել վրացական ռազմակայանում, որի հետեւանքով զինծառայողներ են զոհվել:  Սկզբում տվյալներ էին ստացվել վեց զոհերի մասին, ավելի ուշ հայտնի էր դարձել եւս մեկ զինծառայողի մահվան մասին: Ինը մարդ վիրավոր է: