Հունիսի 10-ին մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի երկրորդ փուլը։ Առաջին փուլը հաղթահարել են 9 թավջութակահարներ՝ Կոտսիոլիս Գիորգոս (Հունաստան), Լոմակով Գեորգի (Ուկրաինա), Նավասարդյան Միքայել (Հայաստան), Իոնիցա Անդրեյ (Ռումինիա), Պերլովա Ալեքսանդրա (Ռուսաստան), Մորոզովա Աննա (Ռուսաստան), Խաչատրյան  Գայանե (Հայաստան), Սուշենկո Ելիզավետա (Ռուսաստան), Աթայան Հակոբ (Հայաստան)։ 

«Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ մրցույթն անցկացվում է երեք փուլով։ Երկրորդ փուլի հաղթողների անունները պարզ կդառնան հունիսի 11-ին։ Մրցույթի եզրափակիչ՝ երրորդ փուլը տեղի կունենա հունիսի 13-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում, իսկ հունիսի 14-ին կանցկացվի մրցույթի գալա համերգը, տեղի կունենա հաղթողների մրցանակաբաշխությունը։

Արամ Խաչատրյանի անվան 9-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ Արամ Թալալյանը նշում է, որ բոլոր մասնակիցներն էլ լավ պատրաստված են, և թեժ պայքար է ընթանում մրցանակային տեղերի համար։

Մրցույթի երկրորդ փուլ անցած թավջութակահար, Հունասատանը ներկայացնող Գիորգոս  Կոտսիոլիսը տեղեկացրեց, որ սա իր երկրորդ մրցույթն է, թավջութակ նվագում է 6 տարեկանից, մի քանի ամիս է՝ պատրաստվում է մրցույթին և հույս ունի՝ իր բոլոր ելույթները հաջող կանցնեն։

Նշենք, որ Արամ Խաչատրյանի անվան միջզագային մրցույթի կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամը և Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։ Մրցույթն անցկացվում է ՀՀ նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ով մրցույթի հոգաբարձուների խորհրդի պատվավոր նախագահն է: 2010 թվականից մրցույթի գլխավոր գործընկերն է ԱՊՀ անդամ երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: