Աստանայում Խաղաղության եւ համաձայնության պալատի թիկնապահները լրագրողների են ծեծել: Բոլորից շատ տուժել է «Լիտեր» թերթի թղթակից Թամարա Վաալը: 

 «Լիտեր», «Պանորամա» հրատարակչությունների,  «24 kz» հեռուստաալիքի եւ  «vlast.kz» առցանց թերթի աշխատակիցները հունիսի 8-ին հանձնարարությամբ ժամանել են Պալատի շենքի մոտ` այնտեղ համերգի ժամանակ տեղի ունեցած հրդեհի մանրամասներն իմանալու: 

Տեսնելով շենքի բաց մուտքերից մեկը` որոշել են ներս մտնել: Դռան մոտ առաջինը հայտնվել է Թամարա Վաալը, այդ պատճառով էլ նա ամենից շատ է տուժել: Երեք թիկնապահներ սկսել են  դուրս հրել նրան` հարվածելով ձեռքերով եւ ոտքերով: Քաշքշուքը տեւել է 20 րոպե:

Աղջիկն օգնության է դիմել բուժկենտրոն, բժիշկները նրա մոտ բազմաթիվ կապտուկներ են գրանցել, վնասվածքներ ձեռքերին եւ ոտքերին:

Պալատի շենքը սկսել էր այրվել հունիսի 7-ին` «Ժաս Կանատ-2013» երիտասարդ կատարողների հանրապետական մրցույթի առաջին փուլի ընթացքում:  Միջոցառման հանդիսատեսները եւ մասնակիցները տարհանվել էին, դեպքի վայր էին ժամանել հրշեջները, հայտնում է Zonakz առցանց թերթը: