Այսօր՝ հունիսի 10-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Իսպանիայի թագավորության նորանշանակ դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեին (նստավայրը՝ Մոսկվա)՝ հավատարմագրերի պատճենի հանձնման կապակցությամբ:
Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին՝ նախարար Նալբանդյանը հույս հայտնել, որ նորանշանակ դեսպանը իր փորձը եւ գիտելիքները կներդնի ի նպաստ հայ-իսպանական բարեկամական հարաբերությունների զարգացման:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ դեսպան Կարբախալ Գարատեն վստահեցրել է, որ նպատակադրված է գործուն քայլեր ձեռնարկել երկկողմ համագործակցության ընդլայնման համար։
Զրույցի ընթացքում քննարկվել են երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ակտիվացման, միջազգային կազմակերպություններում համագործակցության սերտացման, առեւտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման, գիտակրթական փոխանակումների եւ մշակութային կապերի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Այս առումով կարեւորվել է Իսպանիայի ԱԳ նախարարի հրավերով մոտակայում ՀՀ արտգործնախարարի Մադրիդ կատարելիք այցելությունը:



























