Ով խելք ունի պետք է իր զենքերը հանձնի իրավապահներին: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր, Արցախյան պատերազմի մասնակից Առաքել Մովսիսյանը (Շմայս)՝ արձագանքելով ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի զենքերը հանձնելու հորդորին: Նրա խոսքով՝ ինքն իր բոլոր զենքերը ժամանակին հանձնել է: «Ես խելացի եմ դուրս եկել եւ ժամանակին իմ բոլոր զենքերը հանձնել եմ»,- ասաց Առաքել Մովսիսյանը, ով իր «Շմայս» մականունը ստացել է զենքից: Նա ասաց, որ ներկա պահին զենքեր ունի, սակայն հանձնելու ենթակա չեն:
«Նվերը ո՞նց կարող ենք հանձնել: Դա մեդալ է: Այդ զենքերը Ղարաբաղի պատերազմի ժամանակից եմ ստացել, Սամվել Բաբայանից, այն ժամանակվա ՊՆ բոլոր նախարաներից, այդ թվում Սերժ Սարգսյանից: Դրանք մեդալի նման անժամկետ զենքեր են` անժամկետ»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ NEWS.am-ին տված հարցազրույցում Վլադիմիր Գասպարյանն ասել էր. «Ողջ երկրով մեկ հայտարարում եմ, որ նրանք, ովքեր մտածում են, թե թաքցնելով, պահելով զենք-զինամթերքը, կսպասեն, իրենց պատկերացումով, լավ ժամանակների եւ հանգիստ կգործածեն դրանք՝ մոլորության մեջ են: Դուք ուրիշ ոստիկանության հետ գործ ունեք հիմա: Հենց ձեր՝ լրատվամիջոցների միջոցով հայտարարում եմ, կոչ անում, որ առաջիկա 2 շաբաթվա ընթացքում բոլոր նրանք, ովքեր կամավոր կհանձնեն զենք-զինամթերքը՝ կազատվեն քրեական պատասխանատվությունից, օրենքով սահմանված կարգով: Դրանից հետո ում մոտ կհայտնաբերվի ապօրինի զենք՝ ոստիկանությունը հետամուտ կլինի, որպեսզի նման անձինք պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»:




























