Պապուա Նոր Գվինեա խաղաղօվկիանոսյան պետությունում կրոնական նախապաշարումների հողի վրա գազանային սպանություն է տեղի ունեցել: Տեղի բնակիչների ամբոխը հաշվեհարդար է տեսել կախարդության մեջ կասկածվող ուսուչուհու հետ: Տուժել են նաեւ «կախարդուհու» հարազատները. նրանց դանակով կտտանքների են ենթարկել:
Գյուղական ինքնադատաստանի զոհ է դարձել ուսուցչուհի Հելեն Ռամբալին, գրում է The Daily Mail թերթը: Նրան մեղավոր են համարել հիվանդ համագյուղացու մահվան մեջ, որին կինն իբր կախարդել է: Գազազած ամբոխը, զինված կացիններով, դանակներով եւ հրազենով, եկել է Ռամբալայի տան մոտ եւ հարձակվել նրա եւ հարազատների վրա:
Չարագործներն ուսուցչուհուն փողոց են դուրս բերել իր քրոջ եւ անչափահաս երկու զարմիկների հետ: Տունն այրել են, իսկ գերիներին հայտնել, որ համագյուղացու գերեզմանից դեպի Ռամբալայի տուն իրենց բերել է «լուսատտիկների ուղին», հաղորդում է NEWSru.com-ը:
Այդ ապացույցը բավական է եղել, որպեսզի ուսուցչուհուն մեղադրեն սեւ մոգության մեջ: Գյուղացիներն սկսել են կանանց հարվածել դանակներով, եւ նույնիսկ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը չի կարողացել նրանց բոլորին փրկել: Բանակցությունների արդյունքում ինքնադատաստան տեսնողները համաձայնել են բաց թողնել միայն ուսուցչուհու զարմիկներին եւ ավագ քրոջը: Իսկ 40-ամյա Հելենին չարագործները գլխատել են:




























