Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր՝ հունիսի 11-ին, իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն (նստավայրը՝ Մոսկվա):

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ շնորհավորելով դեսպանին մեր երկրում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ Սերժ Սարգսյանը նշել է, որ Հայաստանը ցանկանում է Իսպանիայի հետ հարաբերությունները զարգացնել բոլոր ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, ինչի վկայությունն է նաեւ 2010թ. Մադրիդում ՀՀ դեսպանության գործունեությունը:

Դեսպան Խոսե Իգնասիո Կարբախալ Գարատեն վստահեցրել է, որ կանի ամեն հնարավորը երկու պետությունների միջեւ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու եւ հարաբերություններն առավել սերտացնելու համար:

Հանդիպմանը երկուստեք կարեւորվել է Հայաստանի տնտեսության մեջ իսպանական կապիտալի եւ ընկերությունների ներկայացվածության ընդլայնումը, մշակութային եւ զբոսաշրջային ոլորտներում փոխանակումների աշխուժացումը, համագործակցությունը միջազգային կազմակերպությունների շրջանակներում: