Վրաստանի ԱԳ նախարար Մայա Փանջիկիձեն չի բացառում երկրի ազատական վիզային քաղաքականությունը վերանայելու հավանականությունը: Այսօր՝ հունիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ Վրաստանում գոյություն չի ունեցել միգրացիոն քաղաքականություն, որի հետեւանքով բազմաթիվ թյուրիմացություններ են եղել այլ երկրների եւ ֆիզիկական անձանց հետ:
Նրա խոսքով՝ արդարատադության նախարարի ղեկավարությամբ հանձնաժողով է ստեղծվել, որն աշխատում է միգրացիոն օրենսդրության ստեղծման վրա՝ հաշվի առնելով ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված գործողությունների ծրագիրը, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
«Չի բացառվում, որ փոփոխություններ տեղի ունենան ազատական վիզային քաղաքականության մեջ: Վրաստանը վիզային ռեժիմ չունի 121 երկրի հեր, որից 114-ի հետ՝ միակողմանիորեն, ինչը այդ երկրների քաղաքացիներին հնարավորություն է տալիս առանց վիզայի Վրաստանում գտնվել 160 օր: Այդ երկրների մեծ մասը ոչ միայն փոխադարձ քայլը չի արել, այլեւ մենք նույնիսկ տեղեկություն չենք ստացել, որ նրանք ուշադրություն են դարձրել մեր այդ որոշմանը: Իրեն հարգող ոչ մի երկիր չպետք է այդպես անի: Այնպես որ, չի բացառվում, որ մի շարք երկրների հետ վիզային ռեժիմի հարցում մենք կփոխենք մեր մոտեցումը: Առավել եւս, որ այդ երկրների մի մասից չկան ոչ զբոսաշրջիկներ, ոչ տնտեսական ներդրումներ»,-հայտարարել է Փանջիկիձեն:




























