Հունիսի 12-ին Ճապոնիայում չեղյալ է հայտարարվել All Nippon Airlines (ANA) ավիաընկերությանը պատկանող Boeing 787 Dreamliner-ի ներքին չվերթը: Ինչպես հայտնում է FOX News-ը, ինքնաթիռի չվերթը չի կայացել շարժիչի հետ եղած խմդիրների պատճառով:
Gazeta.ru-ն նշում է, որ վերջին ժամանակներս սա Boeing 787-ի մոտ առաջացած առաջին խնդիրը չէ: Հունիսի 11-ին հակասառեցման համակարգի հետ կապված խնդիրներ ունենալու պատճառով հետաձգվել էր Japan Airlines ավիաընկերության Տոկիո-Սինգապուր չվերթը: Հունիսի 2-ին մարտկոցների վթարային սենսորի հետ եղած խնդիրների պատճառով Japan Airlines-ը չեղյալ էր հայտարարել Տոկիո-Պեկին չվերթը:
Հիշեցնենք, որ Boeing 787 Dreamliner-ը բոլորովին վերջերս` մայիսի վերջին էր վերսկսել չվերթներ իրականացնել ավելի քան 3 ամիս տեւած արգելքից հետո: Արգելքը մտցվել էր շարժիչների հետ առաջացող հաճախակի խնդիրների պատճառով:




























