ԱՄՆ սպիտակամորթ բնակչության մահացությունը 2012թ առաջին անգամ գերազանցել է ծնելիությունը: Նման վիճակագրություն է ներկայացրել The Washington Post-ը: Այսպես, հաշվետու շրջանում սպիտակամորթ ամերիկացիների մոտ 12.4 հազար անգամ ավելի մարդ մահացել է, քան ծնվել: Ընդհանուր առմամբ, Նահանգներում բնակվում է ոչ լատինաամերիկյան ծագման 198 մլն սպիտակամորթ մարդ:
Չնայած որ ծնելիության եւ մահացության մակարդակների միջեւ տարբերությունն էականորեն մեծ չէ, սակայն դեմոգրաֆիայի ոլորտի մասնագետները պնդում են, որ ԱՄՆ պատմության մեջ նմանատիպ այլ դեպք չի եղել: Նրանց խոսքով, անգամ պատերազմների եւ Մեծ դեպրեսիայի ժամանակ նման բան չի եղել, գրում է «Gazeta.Ru-ն»:
Նշվում է նաեւ, որ ոչ լատինաամերիկյան ծագման սպիտակամորթ քաղաքացիները, ընդհանուր առմամբ, տարիքով ավելի մեծ են, քան ԱՄՆ-ում այլ սոցիալական խմբեր: Նրանց միջին տարիքը կազմում է 42-ը, մինչդեռ ասիացիների մոտ այդ ցուցանիշը 34 է, աֆրոամերիկացիների մոտ` 32, լատինաամերիկյան ծագմամբ խմբի մոտ` 28:




























