Նյու Յորքի York Prep հեղինակավոր դպրոցի սաները անսովոր տնային հանձնարարություն են ստացել. իրենց պատկերացնել ինքնասպանություն գործողի դերում եւ հրաժեշտի նամակ գրել: Ուսման դիմաց մեծ գումարներ վճարող ծնողներին նման հանձնարարությունը բնականաբար դուր չի եկել:
Washington Times-ը գրում է, որ ըստ հանձնարարության՝ աշակերտները պետք է պատկերացնեին, որ իրենք ընդմիշտ հրաժեշտ են տալիս իրենց հարազատներին եւ մտերիմներին: Աշակերտներն անցնում էին ամերիկուհի գրող Սյու Մոնք Քիդի «Մեղուների գաղտնի կյանքը» ստեղծագործությունը: Գրքի գլխավոր հերոսուհի 14-ամյա Մեյա Բոութրայթը պատրաստվում է ինքնասպան լինել: Աշակերտները պետք է իրենց պատկերացնեին Մեյայի փոխարեն եւ հիմնավորեին, թե ինչու են իրենք որոշել ինքնասպան լինել:
«Մենք բավականին գումար ենք վճարում մեր երեխաների կրթության համար ոչ նրա համար, որպեսզի նրանց ինքնասպանության դրդեն», - հայտարարել է աշակերտներից մեկի հայրը: Հանձնարարության հեղինակ գրականության ուսուցչուհի Ջեսիկա Բերիշը հրաժարվել է մեկնաբանություններից: Մինչդեռ ոչ բոլոր ուսուցիչներն են նման տնային հանձնարարությունն անհարկի համարում, հաղորդում է vesti.ru-ն:
Այսպես, Նյու Յորքի New School համալսարանի փիլիսոփայության պրոֆեսոր Սայմոն Քրիթչլին հայտնել է, որ ինքնասպանության թեմայի քննարկման մեջ ոչ մի վատ բան չկա: «Այսօր ինքնասպանությունը յուրօրինակ սոցիալական տաբու է: Իսկ ես կարծում եմ, որ տվյալ հարցին պետք է սառնասրտորեն վերաբերվել, ինչպես եւ նմանատիպ այլ թեմաներին», - ասել է Քրիթչլին:




























