Նորվեգիայի կին բնակիչները մոտ ապագայում պարտադիր բանակ կզորակոչվեն եւ կծառայեն խաղաղ ժամանակ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը, կառավարության համապատասխան նախաձեռնությանը համաձայնել են հավանություն տալ խորհրդարանի բոլոր խմբակցությունները:
Սպասվում է, որ «գենդերային առումով չեզոք» զորակոչի մասին օրինագիծը խընդունվի խորհրդարանի ճնշող մեծամասնության կողմից, թեեւ քվեարկության ամսաթիվը դեռ հայտնի չէ: Միակ խմբակցությունը, որը դեմ է այս նախաձեռնությանը, փոքրաթիվ Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցությունն է:
Նորվեգիայի պաշտպանության նախարարությունում համարում են, որ զորակոչի նոր կանոնները ուժի մեջ կմտնեն 2015-ից: «Նորվեգիան կդառնա առաջին եվրոպական երկիրը, որտեղ կանանց կզորակոչեն բանակ խաղաղ ժամանակներում»,-հայտարարել է ՊՆ-ի ներկայացուցիչը, իսկ պաշտպանության նախարար Աննե-Գրետե Ստրեմ-Էրիքսենը խորհրդարանական խմբակցությունների հետ ձեռք բերված համաձայնությունն անվանել է «պատմական փոխզիջում», հաղորդում է Lenta.ru-ն:
Կանանց զորակոչելու գաղափարը, որի հեղինակը ձախ-կենտրոնամետ կառավարությունն է, պայմանավորված է ոչ թե զինակոչիկների թվի պակասով, այլ սեռերի միջեւ հավասարություն հաստատելու ձգտմամբ: Ներկայումս նորվեգացի տղամարդիկ, որոնք ֆիզիկական եւ հոգեբանական փորձություններ են անցել, պարտավոր են բանակում ծառայել մեկ տարի: Կանայք 1967-ից իրավունք ունեն ծառայել բանակում կամավոր սկզբունքով եւ այժմ նրանք կազմում են զինված ուժերի անձնակազմի 10 տոկոսը:




























