Հայաստանում ձերբակալել, ապա ազատ են արձակել երկու վարձու մարդասպանների: Այդ մասին հայտնում է «Հայկական ժամանակ» օրաթերթը՝ վկայակոչելով Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունում եւ Ոստիկանությունում իր աղբյուրները:

Ըստ թերթի՝ համատեղ գործողության ընթացքում ԱԱԾ եւ Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են երկու վարձու մարդասպանների: Նրանց մոտից առգրավվել է մեծ քանակությամբ զենք: Մարդասպաններին Հայաստան է ուղարկել հայազգի «օրենքով գողերից» մեկը: Թերթը նշում է նաեւ, որ երկու մարդասպաններն էլ ազատ են արձակվել ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյայի հրահանգով:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից խորհուրդ տվեցին հարցի կապակցությամբ դիմել ԱԱԾ-ին, իսկ ԱԱԾ մամուլի քարտուղար Արծվին Բաղրամյանը NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց, որ թերթի տեղեկությունը կեղծ է եւ չի համապատասխանում իրականությանը: