Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը մտադիր է Մինսկի խմբի համանախագահներից պարզել Մադրիդյան սկզբունքերի չհամաձայնեցված կետերի վերաբերյալ Հայաստանի կողմից արված առաջարկությունները։

«Ադրբեջանական կողմը, փաստաթղթի մանրամասն ուսումնասիրությունից հետո, որոշ բացառություններով հայտարարել էր, որ ընդունում է այն։ Մենք ուզում ենք իմանալ հայկական կողմի կարծիքը փաստաթղթի նորացված տարբերակի մասին, եւ այդ նպատակով ես մարտի 5-ին կհանդիպեմ Մինսկի խմբի համանախագահների հետ»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նրա խոսքով, համանախագահների վերջին առաջարկությունները նախատեսում են հաղորդակցությունների բացում ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում. «Նշանակում է՝ հակամարտության լուծումը կբերի ոչ միայն թուրք-հայկական սահմանի, այլ նաեւ բոլոր սահմանների եւ հաղորդակցություների բացման, ենթակառուցվածքների վերականգնման, տնտեսության ներգրավման, ողջ տարածաշրջանի բարեկեցության ու բարգավաճման»։

Ինչպես այսօր Trend News-ին հայտնել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի պաշտոնական ներկայացուցիչը, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ հանդիպմանը զուգահեռ՝ Մամեդյարովը կհանդիպի նաեւ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի արտաքին հարցերով օգնական Ժան-Դավիթ Լեվիտայի հետ։