Այսօր` մարտի 4-ին ՀՀ վերաքննիչ դատարանում շարունակվում է «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի գործով վերաքննիչ բողոքի քննարկումը:
Հիշեցնենք, որ 2010 թվականի հունվարի 19-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Նիկոլ Փաշինյանին դատապարտել է 7 տարվա ազատազրկման` մեղավոր ճանաչվելով նրան ՀՀ Քրեական օրենսգրքի 225 հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը): Միաժամանակ դատարանը նրան արդարացրել է քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն կիրառելը): Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք է ներկայացրել եւ պահանջում է, որ որպեսզի Փաշինյանը մեղավոր ճանաչվի նաեւ 316 հոդվածով:
Այսօրվա դատական նիստում Ն. Փաշինյանի պաշտպանները ներկայացրել են իրենց վերաքննիչ բողոքը, որը բաղկացած է 78 էջից: Պաշտպան Լուսինե Սահակյանը, խոսել է 2008-ի մարտի 1-ի առավոտյան Ազատության հրպարակում տեղի ունեցածի մասին՝ նշելով, որ ոստիկանները խաղաղ ցուցարարների վրա են հարձակվել, որպեսզի հարկադիր կերպով դադարեցնեն խաղաղ հանրահավաքը: Պաշտպաններն ընդգծել են, որ Փաշինյանը մարտի 1-ին միայն հանդարտեցնող կոչեր է արել, որն ապացուցվում է տեսաձայնագրություններով, եւ չէր կարող զանգվածային անկարգությունների կազմակերպիչ լինել: Նրանք համոզմամբ, Փաշինյանը պետք է արդարացվի ոչ միայն քրեական օրենսգրքի 316 հոդվածով (իշխանության ներկայացուցչի դեմ բռնություն կիրառելը), այնպես էլ 225-րդ հոդվածի 1-ին մասով (զանգվածային անկարգությունների կազմակերպում):
Փաստաբանները ներկայացրել են միջազգային կառույցների հայտարարությունները, որտեղ ասվում է, թե մարտի 1-ին ոստիկանների կողմից ուժի անհամաչափ կիրառում է եղել: Պաշտպանական կողմի վերաքննիչ բողոքում ներկայացված են նաեւ այն վկանների ցուցմունքները, ովքեր նախաքննական մարմնին հայտնել են, թե Նիկոլ Փաշինյանը զանգվածային անկարգությունների կազմակերպիչներից է, սակայն դատարանում հայտարարել են, թե նրան առաջին անգամ են տեսնում:
Դատական նիստը շարունակվում է:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի



























