Ամեն օր Աբովյան փողոցում իջնելու համար մեքենան վթարային ազդանշան է միացնում մի քանի վայրկյանով, սակայն տեսանկարահանող սարքը խախտում է արձանագրում ու 5 հազ. դրամի ակտ է ուղարկվում: Այդ մասին այսօր՝ հունիսի 19-ին ՀՀ Ազգային Ժողովում հայտարարեց պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀ փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանին, ով ներկայացնում էր Վարչական իրավախախտումների մասին օրենքի որոշ հոդվածներ լրացնելու մասին օրինագիծը:

Նրա տեղեկացմամբ՝ ինքն արդեն 75 նման ակտ է ստացել;  «Ուրիշ տեղ էլ այդ ամբողջ տարածքում տարբերակ չկա, որ ես իջնեմ, ու ամեն Աստծու օր 5 հազ. դրամի տուգանք է գալիս: Ես վթարային ազդանշան եմ միացնում 1-2 վայրկյանով, բայց չեմ կարող ընթացքի մեջ մեքենայից իջնել, իսկ դուք ինձ առաջարկում եք դիմել վարչական դատարան, բայց չի կարելի խելագարության կանխավարկածով առաջնորդվել»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը: Նա նաեւ նշեց, որ տուգանքները պետք է լինեն սթափ, տրամաբանական, եւ իրենց հիմքում ունենան օբյեկտիվություն եւ անաչառություն:

Ա. Օսիկյանը պատասխանեց, որ պետք է ձեռնպահ մնալ տրանսպորտային միջոցները կայանել այն վայրերում, որտեղ կայանելն արգելված է, այլապես՝ տուգանքը կնշանակվի անկախ նրանից, թե ում տրանսպորտային միջոցն է: Սակայն Ա. Օսիկյանը նշեց, որ համակարգը կատարելագործման կարիք ունի, սակայն համակարգի գործարկումից հետո Երեւան քաղաքում մահվան ելքով պատահարների թիվը 30%-ով կրճատվել է:

ԱԺ նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հավելեց, որ համակարգը լավն է, սակայն լավ կլիներ, որ իրենց վրա ավելի էժան նստեր: