Սամգրելո նահանգում պայթուցիկ սարքերով ու նյութերով, ինքնաձիգ զենքերով, թմրանյութերով եւ ուժեղ ներգործող հոգեմետ միջոցներով ստորգետնյա պահեստների գործով ձերբակալվել է 9 մարդ: Այս մասին հունիսի 19-ին հաղորդել է Վրաստանի ՆԳ նախարար Իրակլի Ղարիբաշվիլին:
Նրա խոսքով` ձերբակալվածներից երեքը ՆԳՆ ներկայիս աշխատակիցներ են, մեկը` ՊՆ, երկուսը` նախկին ոստիկաններ են: «Մեկն էլ, ներեցեք արտահայտությանս համար, անձամբ է բռնաբարել բանտարկյալներին»,-ասել է Ղարիբաշվիլին:
ՆԳ նախարարը չի բացառել նաեւ այլ մարդկանց` պատասխանատվության ենթարկվելը: «Հասարակությունը պետք է իմանա, թե ով է կանգնած այդ ամենի ետեւում: Այն ժամանակ նախարար է եղել Վանո Մերաբիշվիլին: Բոլոր նրանք, ովքեր կազմակերպել են այդ ամենը, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-հավելել է Գարիբաշվիլին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»:
Հիշեցնենք, որ Վրաստանում հունիսի 17-ին հայտնաբերվել են հատուկ ստորգետնյա պահեստներ, որոնք ստեղծվել են երկրի նախկին իշխանությունների ներկայացուցիչների անմիջական ղեկավարությամբ: Հայտնաբերվել է նաեւ ընդդիմադիր հայացքների տեր անձանց վերաբերյալ տեղեկություններ ու լուսանկարների արխիվ: Նախատեսվում էր, որ եթե 2012թ խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տաներ «Միասնական ազգային շարժումը», ընդդիմադիրներին պետք է ձերբակալեին` հիմնվելով կեղծ մեղադրանքների վրա:




























