Այս տարվա ծրագրով՝ Երեւանի 28 մանկապարտեզներում ընթանում են հիմնանորոգման աշխատանքներ: Այս մասին, այսօր՝ հունիսի 19-ին, Երեւանի քաղաքապետարանում տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետարանի աշխատակազմի շինարարության եւ բարեկարգման վարչության ծրագրավորման եւ նախագծանախահաշվային փաստաթղթերի հետ աշխատանքների բաժնի պետ էդվարդ Շաքարյանը:

Նրա խոսքով՝ քաղաքի 16 գրադարան ապահովվում է ջեռուցման համակարգերով: Աշխատանքների ավարտից հետո գրադարանների ջեռուցման ծրագիրը կամբողջանա, եւ ձմռանն ընդառաջ չջեռուցվող գրադարան մայրաքաղաքում այլեւս չի լինելու:

Եվս  4 ստեղծագործական կենտրոն ու երաժշտական դպրոց է 2013-ի ծրագրով ջեռուցվելու: Հիմնանորոգվում եւ ջեռուցմամբ են ապահովվում նաեւ Նոր Նորք վարչական շրջանի մշակույթի ու «ՀայԱրտ» մշակութային կենտրոնները: Մշակութային օջախների ջեռուցման ծրագրի շրջանակում ամբողջությամբ ջեռուցվելու են նաեւ «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանն ու Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանը: