Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Ալեքսանյանն այսօր՝ հունիսի 19-ին, անակնկալ միացավ լրագրողների խմբին, որոնք աշխատում էին ԱԺ սրահներից մեկում: Առիթից օգտվելով՝ լրագրողները մի քանի հարց տվեցին Ս. Ալեքսանյանին:

Հարցին, թե ինչո՞ւ է որոշել «Դալմա Գարդեն Մոլ» առեւտրի կենտրոնում «Երեւան Սիթի» սուպերմարկետ բացել, Ս. Ալեքսանյանն առաջարկեց նմանատիպ հարցերով դիմել կնոջը՝ տիկին Շողիկին: Այնուհետ հումորով նեղսրտեց, որ տիկին Շողիկը վերջերս լավ չի ֆինանսավորում իրեն. «Էս վերջերս չի ֆինանսավորում, էնքան խոսեցիք»:

Հարց տրվեց նաեւ Փակ շուկայի մասին, ինչին Ս. Ալեքսանյանը պատասխանեց. «Էդ որ Փակ շուկան կռիսանոց էր, խի մի օր չէիր էթում շուկայի դեմը, շուկայից խոսում: Որ սաղ կռիշը չռռում էր, խի մի օր չէիր էթում, խոսում»:

Այնուհետ պատգամավորն անդրադառնալով երեկ խորհրդարանի ընդունած «Երկրապահ կամավորականների մասին» գեներալ-պատգամավորների ներկայացրած նախագծին, ասաց. «90-ականներից սկսած մեր համայնքի երկրապահներին ամեն ամիս օգնում եմ, մնացածը`գնացեք գեներալից հարցրեք»,- ասաց պատգամավորը:

Այնուհետ գործարար պատգամավորը հավանաբար ձանձրացավ հարցերին պատասխանելուց. «Հերիք ա, լավ ֆսյո, ասեցի վերջ տվեք: Չե՞ք ուզում նստեմ ձեր կողքը, թողեմ էթա՞մ»: