Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն, այսօր՝ հունիսի 19-ին, այցելել է հանրապետության հարավ-արեւելյան թեւ եւ անցկացրել այնտեղ ընդլայնված խորհրդակցություն` ԱԺ ու կառավարության ներկայացուցիչների, մի շարք ընկերությունների ղեկավարների մասնակցությամբ:

ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ խորհրդակցությանը քննարկվել են հանրապետության հարավ-արեւելյան թեւի պաշտպանական համակարգի ամրապնդման, գյուղատնտեսության, հեռահաղորդակցության եւ շինարարության ոլորտների զարգացմանը, ճանապարհաշինությանն առնչվող հարցեր:

Համապատասխան զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արա Հարությունյանը, շահագրգիռ մարմինների ղեկավարները:

Նախագահ Սահակյանն ընդգծել է հարավ-արեւելյան թեւի զարգացման կարեւորությունը` նշելով, որ այն ունի բոլոր նախադրյալներն ամբողջ հանրապետության տնտեսության առաջընթացի շարժիչը դառնալու համար:

Երկրի ղեկավարը հանձնարարականներ է տվել կառավարությանն` աշխատանքների պատշաճ իրականացման ուղղությամբ: