Ռուսաստանաբնակ խոշոր գործարար Ռուբեն Վարդանյանը կիրակի հյուրընկալվել էր «Արմենիա» հեռուստաընկերությունում՝ Սաթիկ Սեյրանյանի հեղինակային «Ռ-Էվոլյուցիա» հաղորդմանը: «168 ժամ» թերթը մեջբերում է զրույցը։ Ներկայացնում ենք հատված.
«Ռուբեն Վարդանյանը 45 տարեկան է: Ծնվել է 1968թ. Երեւանում, «Սբերբանկի» համաղեկավարն է, Հայաստանում եւ Ռուսաստանում ծրագրեր իրականացնող բարեգործական հիմնադրամի համաղեկավարն է: Ռուբեն Վարդանյանը 1992թ. գերազանցությամբ ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: Սովորել է Հարվարդի եւ Սթենֆորդի բիզնես դպրոցներում: 1992-2012 թթ. գլխավորել է «Տրոյկա Դիալոգ» ընկերությունը, որը 2012թ. ինտեգրվեց «Սբերբանկի» հետ: Նա համարվում է Ռուսաստանի արժեթղթերի շուկայի առանցքային դերակատարներից մեկը: Մոսկովյան «Սկոլկովո» կառավարման դպրոցի համակարգող, խորհրդի անդամ եւ գործընկեր հիմնադիր է: 2006-2011թթ. «Սկոլկովո» դպրոցի նախագահն էր: Ռուբեն Վարդանյանը Ամերիկյան առեւտրային պալատի կողմից ճանաչվել է տարվա գործարար` Ռուսաստանում բիզնեսի զարգացման գործում ունեցած նշանակալից ավանդի եւ մասնագիտական էթիկայի բարձր նորմերին հետեւելու համար: Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումն ընդգրկել է «Ապագայի 100 համաշխարհային առաջնորդները» ցուցակում: 2012թ. ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» շքանշանով: Հայ առաքելական եկեղեցու գերագույն հոգեւոր խորհրդի անդամ է: Ռուբեն Վարդանյանն ամուսնացած է, ունի չորս երեխա:
Պարոն Վարդանյան, Forbes ամսագիրը Հայաստանում հատկապես լայն ճանաչում ստացավ այն բանից հետո, երբ մանավանդ ռուսական տարբերակը սկսեց հրապարակել ռուսաստանցի խոշոր մեծահարուստների վարկանիշային ցուցակները, եւ այդ ցուցակներում հայտնվեցին հայզգի խոշոր գործարարներ, այդ թվում` Դուք: Ինձ հետաքրքիր է իմանալ` ինչպիսի զգացում ունեիք, երբ առաջին անգամ հայտնվեցիք, այսպես ասեմ, միլիոնատերերի ցանկում: Ինչ զգացողություն էր դա:
Անկեղծ ասած, ինձ այդ վարկանիշը դուր չի գալիս: Կարծում եմ` այն վտանգավոր է հասարակության համար, քանի որ հաստատում է փողը հոտ չունի սկզբունքը: Այդ ցուցակում ներառված են բազմաթիվ մարդիկ, ովքեր տարբեր կերպ են գումար վաստակել: Հասկանալի է, որ կապիտալիզմի պայմաններում փողը համարվում է հաջողությունը գնահատելու շատ հարմար եւ ունիվերսալ տարբերակ: Ինչպես ասվում է մի հին ասացվածքում` «Եթե դու այդքան խելացի ես, ինչու հարուստ չես»: Բայց միաժամանակ մի շատ կարեւոր բաղադրիչ է կորչում. ինչպես ես հասել այդ հաջողությանը, ինչ ճանապարհով ես գումար վաստակել...
Մի հարցազրույցում այսպիսի մի արտահայտություն եք արել, մեջբերում եմ. «Հայաստանը ծաղկուն երկիր կդառնա միայն այն դեպքում, երբ հայաստանցի երիտասարդը իր ապագան տեսնի հենց Հայաստանում»: Տեսնու՞մ է արդյոք հայաստանցի երիտասարդը իր ապագան Հայաստանում:
Ընդհանուր առմամբ, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն հեռանկարի բացակայությունը, թե ինչպիսին է լինելու Հայաստանը 20-30 տարի հետո, իսկապես շատերին խանգարում է ճիշտ որոշում կայացնել: Շատերը Հայաստանից գնում են ոչ այն պատճառով, որ այստեղ շատ վատ է կամ աշխատանք չկա… մենք այժմ շատ հետաքրքիր խնդրի ենք բախվում Հայաստանում: Մենք շատ ծրագրեր ենք իրագործում եւ չենք կարողանում կադրեր գտնել: Եվ եթե մարդիկ ասում են, որ մենք հեռանում ենք, որովհետեւ աշխատանք չկա, դա այդքան էլ այդպես չէ: Մարդիկ պարզապես չեն հավատում իրենց ապագային, չեն հավատում, որ այստեղ լավ է լինելու:
Նախկինում էլ շատ ծրագրեր եք իրականացրել, այնուամենայնիվ, ձեր անունն ավելի շատ շրջանառվեց, խոսվեց ձեր նախագծերի մասին` Դիլիջանի միջազգային դպրոցի հետ կապված: Նախագիծը սկսելուց առաջ որոշակի աղմուկ առաջացավ, բայց չեմ ուզում այդ մասին խոսել, ուզում եմ` ներկայացնեք` որ փուլում է հիմա նախագիծը, որովհետեւ հայտարարվեց, որ սեպտեմբերին միջազգային դպրոցը արդեն առաջին աշակերտներն է ունենալու: Համառոտ կներկայացնե՞ք` ի՞նչ վիճակում է նախագիծը:
Դպրոցը կգործարկվի 2014թ. սեպտեմբերին: Հուսով եմ, որ այն իսկապես շատ լուրջ դերակատարում կունենա Հայաստանի ապագայի հարցում: Կարծում եմ, որ Հայաստանի համար դա որակյալ, մրցունակ ուսումնական միջավայր ստեղծելու առանցքային ծրագրերից մեկն է` ինչպես տեղի դպրոցների, այնպես էլ Դիլիջանի նման դպրոցների համար: Դիլիջանի դպրոցը միջազգային է, այնտեղ սովորելու են ավելի մեծ թվով երեխաներ ոչ հայկական ծագմամբ, որը եւս շատ կարեւոր բաղադրիչ եմ համարում: Այդ ծրագիրը շատ արդյունավետ է, քանի որ թույլ է տալիս ներգրավել որակյալ մասնագետների, որոնք ազգությամբ հայ չեն: Նրանցից շատերը Հայաստան չէին գալիս` ասելով, որ իմ երեխաների համար այնտեղ նորմալ կրթություն ստանալու տեղ չկա: Դա փոքր, բայց շատ կարեւոր բաղադրիչ է` ներգրավել լավ մասնագետների, որոնք մեզ անհրաժեշտ են ինչ-ինչ ծրագրերի համար: Կարեւոր է արտասահմանյան զբոսաշրջային ներհոսքի տեսանկյունից: Եվ դա հնարավորություն է քաղաքի համար`փոխվելու, փոքր ու միջին բիզնեսը զարգացնելու համար: Այդ իսկ պատճառով Դիլիջանի դպրոցը պարզապես դպրոց չէ, որտեղ սովորելու են 650 աշակերտներ աշխարհի ավելի քան 60 երկրներից: Մենք կհյուրընկալենք երեխաների, որոնք կմեծանան Հայաստանում, հետո կշարունակեն ուսումն այլ երկրներում, բայց նրանք ծանոթ կլինեն Հայաստանին:
Հայաստանը կանգնած է շատ կարեւոր մարտահրավերի, այսպես ասած՝ երկընտրանքի առջեւ: Որպես ռուսաստանցի խոշոր հայ գործարարի եմ հարցս ուղղում՝ ինչպե՞ս եք վերաբերվում Եվրասիական միություն եւ եվրաինտեգրացիա երկընտրանքին: Հայաստանը ո՞ր ճանապարհը պետք է ընտրի:
Ես ինձ իրավասու չեմ համարում խորհուրդ տալ, թե Հայաստանը ինչպիսին պետք է լինի: Յուրաքանչյուր ընտրած ուղղություն կարող է լինել ճիշտ եւ սխալ: Իմ կարծիքով՝ յուրաքանչյուր դեղամիջոց կարող է բուժել եւ թունավորել: Մենք պետք է հնարավորինս քիչ կախվածության մեջ լինենք արտաքին աշխարհից: Մենք պետք է հենվենք սեփական ուժերի վրա: Դա մեծ մարտահրավեր է, քանի որ մենք չունենք նավթ, գազ:
Հատկապես հաշվի առնելով կախվածությունը Ռուսաստանից:
Աշխարհը շատ արագ է փոխվում: Պետք է հավատալ սեփական ուժերին, պետք է լինել պրագմատիկ եւ հետեւողական, պետք է գիտակցել բոլոր մարտահրավերները: Մենք ունենք մեծ մարտահրավերներ, մենք ունենք մեծ հարեւաններ` մեծ խնդիրներով: Բայց ամեն ինչ կախված է միայն մեզանից` կարո՞ղ ենք արդյոք այնպես անել, ինչպես արեցին մեր ֆուտբոլիստները` հաղթելով Դանիային 4:0 հաշվով:
Դուք հատկապես հաճախ եք խոսում, որ Ձեզ համար շատ կարեւոր է, որ Դուք համերաշխ լինեք Ձեր ներսի հետ եւ նույնիսկ խուսափել եք որոշ բիզնես գործարքներից այդ համերաշխ չլինելու պատճառով, որոնք կարող էին խաթարել Ձեր ներքին համերաշխությունը: Ուզում եմ հարցնել` կա՞ Հայաստանում ինչ-որ բան անելու կամ չանելու ներքին անհամերաշխության կամ ներքին զգացում:
Ոչ: Ես շատ շնորհակալ եմ ծնողներիս, ընտանիքիս, կնոջս եւ մտերիմներիս, որ կարող եմ անել այն, ինչ անում եմ: Ես ապրում եմ ճապոնացի սամուրայի սկզբունքով` ապրել այնպես, որ եթե դուրս գամ այս ստուդիայից եւ գլխիս աղյուս ընկնի, չափսոսամ, որ ինչ-որ բան չեմ արել կամ կիսատ եմ թողել: Ես փորձում եմ հետեւել այս սկզբունքին: Ինչ հնարավոր է, ես անում եմ: Հնարավոր է երբեմն գոհ չեմ արդյունքից, բայց ռազմավարական առումով հասկանում եմ, որ բախտս շատ է բերել, որ կարող եմ ապրել այնպես, ինչպես կցանկանայի ապրել»,- մեջբերում է «168 ժամը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):



























