Հունիսի 19-ին՝ ժամը 20:40-ին, Հայաստանի ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի ցմահ դատապարտյալ Մանվել Արմենի Հազրոյանը՝ պատժախցում, ծածկոցի բարակ կտրած շերտակտորով կախվելով ինքնասպանություն է գործել:
ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից հայտնում են, որ Մանվել Հազրոյանը պատժախուց է տեղափոխվել այս տարվա հունիսի 11-ին, աշխատակիցների օրինական պահանջները չկատարելու համար եւ նրա նկատմամբ կիրառվել էր կարգապահական տասնօրյա տույժ:
08.08.1991թ-ին ծնված Մանվել Արմենի Հազրոյանին ցմահ ազատազրկման է դատապարտել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը 11.11.2011թ. ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 1 կետով, 34-104 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով եւ 365 հոդվածի 1 մասով:
Կատարվում է հետաքննություն:
Ինչպես հաղորդվել էր ավելի վաղ, 2010 թվականի նոյեմբերի 19 -ին ԼՂՀ բանակի շարքային Մանվել Հազրոյանը կենցաղային հողի վրա ծագած միջադեպի արդյունքում կրակել էր իր ծառայակիցների վրա. Լեւոն Եսայանը (1991թ. ծ.), Ներսես Գալոյանը (1990 թ.ծ.), Նարեկ Սահակյանը (1990 թ. ծ.) եւ Նվեր Սարգսյանը (1991 թ.ծ.) զոհվել էին: Սարգիս Մելքումյանը (1991 թ. ծ), Խաչիկ Ալեքսանյանը (1992 թ.ծ.), Մասիս Գրիգորյանը (1991թ.ծ.) եւ ինքը` Մանվել Հազրոյանը (1991 թ.ծ.) տարբեր աստիճանի հրազենային վնասվածք էին ստացել:
Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանն օգոստոսի 3-ին, դատավոր Համլետ Դավթյանի նախագահությամբ, Հազրոյանին ցմահ ազատազրկման էր դատապարտել: Դատավճռի հրապարակումից հետո Հազրոյանը սեղանից վերցրել էր հանքային ջրով շիշն ու նետել դատավորի վրա: Դա առիթ էր դարձել նրա նկատմամբ երկրորդ քրեական գործը հարուցելու համար:




























