Հունիսի 9-ին Ակունք գյուղում  կնոջը սպանելու եւ երեխաներին դանակահարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը արդեն կալանավայրում է, իսկ նրա երեք անչափահաս երեխաները` մոր ծնողների տանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը:

Նա նշեց, որ առայժմ այդ տղամարդու մայրը եւս չի ցանկանում գնալ այդ տուն, հարազատների տանն է մնում: Գյուղապետը տեղեկացրեց, որ  երեխաների առողջական վիճակը լավ է, դուրս են գրվել եւ միանգամից եկել Աբովյան` իրենց մայրիկի ծնողների տուն: Նա նաեւ ասաց, որ երեխաները մինչեւ տուն գալը չեն իմացել մոր մահվան մասին, մոր ծնողները հոգեբան են հրավիրել, ով երեխաներին հայտնել է այդ մասին: Գյուղապետը նշեց, որ սպասում են որոշակի ժամանակ անցնի, երեխաների վիճակը կարգավորվի, որպեսզի այցելեն նրանց:

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 21.45-ին,  ոստիկանության Կոտայքի բաժնում  ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, 37-ամյա Աշոտ Գեւորգյանը տանը  դանակահարել եւ սպանել է կնոջը` 31-ամյա Անուշ  Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դուստրերին` 12-ամյա Շողակաթ  եւ 6-ամյա Մարիամ  Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք: Աշոտ  Գեւորգյանը, Շողակաթ եւ Մարիամ  Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ: Աշոտ  Գեւորգյանը ձերբակալված էր, գտնվում էր հիվանդանոցում: Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն: