Հունիսի 9-ին Ակունք գյուղում կնոջը սպանելու եւ երեխաներին դանակահարելու մեջ մեղադրվող 37-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:
Նա դեռ չի տեղափոխվել կալանավայր, գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում` բժիշկների հսկողության ներքո: Վերջիններս նրան թույլ չեն տվել տեղափոխել կալանավայր, երբ առողջական վիճակը վերականգնվի, այդ ժամանակ նա կտեղափոխվի:
Տղամարդու դուստրը` 12-ամյա Շողակաթ Գասպարյանը, դեռ գտնվում է «Աբովյանի» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից NEWS.am-ի թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը լավ է, կարերը շուտով կհանեն, նա դուրս կգրվի կամ շաբաթվա վերջին կամ մյուս շաբաթվա սկզբին: Բժիշկները աշխատում են նրան չասել մոր մահվան մասին:
Իսկ Շողակաթ Գեւորգյանի քույրը` 6-ամյա Մարիամ Գասպարյանը, եւս դեռ գտնվում է «Արաբկիր» բժշկական կենտրոնում: Հիվանդանոցից NEWS.am-ին թղթակցին հայտնեցին, որ նրա վիճակը լավ է, Վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է այլ բաժանմունք:
Ակունքի գյուղապետ Հունան Ռուբենյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բացառվում է երեխաներին մանկատուն տեղափոխեն: Գասպարյան քույրերի եւ նրանց 15-ամյա եղբոր խնամքով կզբաղվեն տատիկ, պապիկները` կամ Աշոտ Գեւորգյանի մայրը, կամ էլ երեխաների մորական տատն ու պապը, ովքեր ապրում են Աբովյան քաղաքում:
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին, ժամը 21.45-ին, ոստիկանության Կոտայքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում ամուսինը սպանել է կնոջն ու դանակահարել երեխաներին:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 21.30-ի սահմաններում, ըստ նախնական վարկածի, 37-ամյա Աշոտ Գեւորգյանը տանը դանակահարել եւ սպանել է կնոջը` 31-ամյա Անուշ Գասպարյանին, դանակով մարմնական վնասվածքներ է հասցրել դուստրերին` 12-ամյա Շողակաթ եւ 6-ամյա Մարիամ Գասպարյաններին, որից հետո՝ դանակով հարվածել է իրեն` ստանալով որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք: Աշոտ Գեւորգյանը, Շողակաթ եւ Մարիամ Գասպարյանները տեղափոխվել են հիվանդանոց: Դեպքի վայրից առգրավվել է 6 խոհանոցային դանակ: Աշոտ Գեւորգյանը ձերբակալված է եւ գտնվում է հիվանդանոցում: Փաստի առթիվ Կոտայքի մարզի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Կատարվում է նախաքննություն:



























