«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն արձակուրդ չի գնացել եւ խոսակցությունները, թե մենք մտադիր ենք երկու ամիս լռել, չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելվ, թե ինքը չգիտի, թե ով է նման լուրեր տարածում մամուլում:
«Թե խորհրդարանում, թե խորհրդարանից դուրս բոլոր քննարկումների ժամանակ իմ գործընկերներն արտահայտել են իրենց կարծիքը: Հայաստանի քաղաքական օրակարգում չկա այդպիսի հարց, որի վերաբերյալ ԲՀԿ-ն չարտահայտի իր կարծիքը: Չգիտեմ, թե ում է ձեռնտու նման լուրերի տարածումը»,-ասաց Զոհրաբյանը:
Նա պարզաբանել է, որ ինքն անձամբ հայտարարել է, որ պատրաստվում է ԵԽԽՎ նստաշրջանին եւ էլի մի քանի միջազգային միջոցառումների, ուստի որոշ ժամանակ ձեռնպահ կմնա ներքին քաղաքականության վերաբերյալ գնահատականներից: Սակայն այդ որոշումը վերաբերում է միայն իրեն, ոչ թե ողջ կուսակցությանը:
«Մեկնաբանությունները չպետք է ինքնանպատակ լինեն: Մենք տեսանք, թե ինչպես խորհրդարանում 4 օր շարունակ ռեալիթի շոու անցկացրեցին՝ Վերահսկիչ պալատի հաշվետվության քննարկման ժամանակ: Իշխող ուժի պատգամավորները այնպիսի մանկապատանեկան հարցեր էին հնչեցնում, որ անցել էին պրիմիտիվիզմի սահմանը»,-ընդգծեց ԲՀԿ խմբակցության քարտուղարը:
Հարցին, թե իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ ԲՀԿ-ն զուսպ քաղաքականություն է վարում, քանի որ մտադիր է ՀՀԿ-ի հետ կոալիցիա կազմել, Զոհրաբյանը պատասխանեց. «Այն ինչ համարում ենք քննադատության արժանի, քննադատում ենք, եւ ԲՀԿ-ն այն ուժը չէ, որը քննադատում է հանուն քննադատության: Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, նման հարց ԲՀԿ-ի օրակարգում չկա»:




























