Վրաստանի  նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիին  ներկայացված մեղադրանքները  կարող են ավելացնել` Վրաստանի արեւմուտքում զենք-զինամթերքով, թմրանյութերով եւ խոշտանգումների ու սեռական բռնությունների մասին  տեսագրություններով գաղտնարանի հայտնաբերման գործի հետ կապված: Այս մասին հայտնել է Վրաստանի ներքին գործերի նախարար Իրակլի Գարիբաշվիլին` «Ռուսթավի 2»-ի եթերում:

«Բնականաբար, մենք քննություն կսկսենք, պարզելու` ով է  դա ղեկավարել, ովքեր են եղել գաղափարի հեղինակները: Այն ժամանակ ներքին գործերի նախարարն էր հենց Վանո Մերաբիշվիլին: Իրականում նա վերահսկում էր ամեն ինչ եւ բոլորին: Ինչպե՞ս եք կարծում` կարող էր որեւէ մեկն առանց նրա անմիջական համաձայնության համարձակվել նման անմարդկային արարքներ կատարել: Պատասխանատվությունից ոչ ոք չի խուսափի», - հայտնել է Գարիբաշվիլին, հաղորդում է «Գռուզիա  Online»-ը:

Մայիսի 21-ին ձերբակալված Մերաբիշվիլին քննության ընթացքում նախնական կալանքի տակ է գտնվում:  Նրան երեք մեղադրանք են առաջադրել` «Ազգային շարժման» կողմնակիցների համար կեղծ աշխատատեղեր ստեղծելու, ուրիշի գույքը  եւ Վրաստանի ՆԳՆ-ի միջոցները յուրացնելու, ինչպես նաեւ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար: 

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել էր  խոշոր գաղտնարանի հայտնաբերման մասին, որը նախատեսված էր ռազմական գործողությունների համար:  Հայտնաբերվել էին նաեւ իրավապահ մարմինների կողմից մարդկանց բռնությունների եւ ծեծի ենթարկելու բազմաթիվ տեսագրություններ: