Մոսկվայի կենտրոնում ուժային կառույցները գրոհով վերցրել է «Հանուն մարդու իրավունքների» իրավապաշտպան կազմակերպության գրասենյակը: Գրոհի ժամանակ վիրավորվել է մի քանի մարդ, այդ թվում կազմակերպության ղեկավար Լեւ Պոնոմարյովը եւ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու, «Յաբլոկո» կուսակցության ղեկավարներից Սերգեյ Միտրոխինը:
Վիրավորներից մեկին տեղափոխել են Սկլիֆոսովսկիի անվան գիտահետազոտական ինստիտուտ: Ավելի ուշ Միտրոխինը Twitter-ում գրել է, որ իրեն ու Պոնոմարյովին իջեցրել են աստիճաններից, հաղորդում է «Ռոսբալտը»:
Ավելի վաղ Մոսկվայի իշխանությունները հայտարարել էին, որ իրավապաշտպանները պետք է լքեն շենքը, քանի որ դեռեւս փետրվարին լրացել է շենքի վարձակալության ժամկետը: Իրավապաշտպանները հրաժարվում էին լքել տարածքը, իշխանությունների պահանջը եւ գործողությունները համարելով անօրինական:
Շենքը ուժայինները շրջափակել էին դեռեւս հունիսի 21-ի կեսօրից: Կեսգիշերին շենքին է մոտեցել նախագահին կից մարդու իրավունքների հարցերով լիազոր ներկայացուցիչ Վլադիմիր Լուկինը, բայց ոստիկանները թույլ չեն տվել նրան ներս մտնել: Պոնոմարյովի խոսքով՝ ոստիկանության աշխատակիցները իրենց գրասենյակ են ներխուժել Լուկինի հեռանալուց անմիջապես հետո:
«Ներխուժել է ՕՄՕՆ-ը եւ գործել հրեշային դաժանությամբ: Օմօնականները ինձ քարշ են տվել աստիճաններով, իսկ քաղաքացիական հագուստով մարդիկ ոտքերով հարվածում էին: Նրանք առանձնապես զգույժ շէին ոչ ինձ, ոչ էլ Մոսկվայի քաղաքապետի թեկնածու Միտրոխինի հետ, ում ոտքն են վնասել»,-պատմել է Պոնոմարյովը:




























