Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին խոստացել է քաղաքականությունից հեռանալ Սահակշվիլիի հեռանալուց մի քանի օր անց, իսկ ավելի ճիշտ` 2013 թ. հոկտեմբերին: Այդ մասին Իվանիշվիլին հայտարարել է էստոնական «Postimees» պարբերականին տված հարցազրույցում:

«Հենց Սահակաշվիլին հեռանա եւ նոր նախագահական ընտրություններ տեղի ունենան,  ես մի քանի օրից ավելի չեմ մնա»,- ասել է նա: Իվանիշվիլիի խոսքով` առավել կարեւոր պաշտոնները` նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի, ընտրություններից հետո կզբաղեցնեն «մաքուր անձինք, դեմոկրատներ»: Սակայն իր հաջորդի անունը նա չի նշել, թեեւ ասել է, որ այդ կապակցությամբ «գաղափար ունի»:

Իվանիշվիլին նաեւ կասկած է հայտնել, որ Սահակաշվիլիի «Ազգային միասնական շարժումը»  կարող է կառուցողական ընդդիմություն դառնալ: «Ոչ ոք չի պատրաստվում ոչնչացնել ընդդիմությանը, ինչպես պնդում է Սահակաշվիլին: Նրանք իրենք են իրենց գործունեությամբ վնասում իրենց կուսակցությանը եւ ոչ մի կերպ չեն կարողանում դասեր քաղել»,-ասել է Իվանիշվիլին: