Հանրապետական կուսակցությունում մարզպետների հետ կապված քննարկումներ չեն եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 24-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը։ «Մենք դեռեւս մարզպետարանների հարց չենք քննարկել, մարզպետարանների մեծ մասում ուսումնասիրություններ են կատարվել, դրանք կավարտվեն, կտեսնենք անբավարար աշխատանք, կհայտնենք կարծիք։ Մենք դեռեւս չենք որոշել՝  որ մարզպետներին պետք է աշխատանքից ազատենք կամ հրաժարական տան, եթե արդյունքները գոհացուցիչ չլինեն, կառավարությունը կորոշի, կքննարկի»,- ասաց նա։

Գալուստ Սահակյանը վստահեցրեց, որ ՀՀԿ կադրային բանկը շատ առատ է, եթե փոփոխություններ են լինում, պետք է ընդգծված որոշակի բացթողում, վիճակ արձանագրվի, որ նոր փոփոխությունների գնահատականների առիթներ լինի։

Մեր հարցին, թե Արարատի մարզպետարանում ուսումնասիրությունների արդյունքներով չարաշահումներ են հայտնաբերվել, մարզպետ Էդիկ Բարսեղյանի պաշտոնանկության հարցը կդրվի՞, նա պատասխանեց. «Այլ բան է չարաշահումը, այլ բան է թերացումը, դեռեւս պարզ չէ, թե եթե չարաշահում կա, ով է կատարել,  չի կարելի թիրախ դարձնել մարզպետին»։

Գալուստ Սահակյանն ասաց, որ ստուգման արդյունքները վերաբերել են  դիզվառելիքին եւ պարարտանյութերին, իսկ դրանք բաժանվում են գյուղատնտեսական տնտեսությունների միջոցով, համայնքները մարզպետարանի կառույցի մեջ չեն, բայց մարզպետարանը վերահսկողություն ունեցել է, այժմ պետք է պարզվի, թե որ համայքններն են չարաշահում կատարել եւ ինչ վերահսկողություն պիտի լիներ, որ չի եղել։

NEWS.am-ի հարցին, թե եթե անընդհատ երկարաձգվում է Սյունիքի մարզպետի պաշտոնում նշանակումը, հնարավո՞ր է Սուրեն Խաչատրյանի վերադարձը այդ պաշտոնին, նա նկատեց. «Ինքը Սուրիկ Խաչատրյանը հակված չէ նորից մարզպետ դառնալ, վարչապետը երբ նպատակահարմար կգտնի, այն ժամանակ էլ կնշանակի»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am