ԵՄ կենտրոնում, այսօր՝ հունիսի 24-ին, տեղի է ունեցել ԵՄ ավտոբուսի առաջին շրջայցի վիճակախաղի պաշտոնական մրցանակների վիճակահանությունը: Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Տրայան Հրիսթեան եւ Հայաստանի արդարադատության փոխնախարար Եղիշե Կիրակոսյանը հանել են հաջողակ հաղթողների անունները:

Վիճակախաղի մասնակիցները Եվրոպական միության ու անդամ երկրների մասին հարցաշար էին լրացրել: Բոլորը միասին հարցաշար լրացրել էր 1002 մարդ, որից 442-ը` Երեւանում Եվրոպայի օրվա ընթացքում, մնացյալն այն ժամանակ, երբ ԵՄ ավտոբուսն առաջին շրջայցն էր իրականացնում Շիրակի, Տավուշի եւ Լոռու մարզերում: 53 մարդ ճիշտ էր պատասխանել բոլոր ութ հարցերին, մեծամասամբ ճիշտ պատասխաններ էին տվել 141-ը:

Գլխավոր մրցանակ ստացել է վարորդ Մարտին Մելքոնյանը`Աշտարակի Ագարակ գյուղից, երկրորդ մրցանակը ստացավ Արամ Խաչատրյանը`Երեւանից, երրորդ մրցանակին արժանացել է լոգոպեդ Գոհար Ղազարյանը` Դիլիջանից: Խրախուսական մրցանակների են արժանացել նրանք, որոնք ճիշտ էին պատասխանել 7 հարցի: Այցելեք’ մեր կայք`www.eucentre.am ծանոթանալու հաղթողների անուններին: ԵՄ կենտրոնը ուղղակի կապի մեջ կլինի հաղթողների հետ:

Դեսպանի խոսքով, մարդիկ մեծ հետաքրքրություն են ցուցաբերել վիճակախաղի նկատմամբ: «Մենք դրականորեն զարմացած էինք մասնակիցների մեծ թվից, ավելի քան 1000 մարդ է մասնակցել վիճակախաղին», ասել է Տրայան Հրիսթեան ու հավելել. «Մենք հիացած ենք նաեւ այն փաստով, որ մարդկանց զգալի մասը հարցերին ճիշտ պատասխաններ է տվել»:

Գլխավոր մրցանակը Եվրոպական միության եւ ԵՄ կենտրոնի լոգոներով 6 բաժակի հավաքածու է, երկրորդ մրցանակը Եվրոպական միության եւ ԵՄ կենտրոնի լոգոներով անձրեւանոց է, երրորդ մրցանակը Եվրոպական միության եւ ԵՄ կենտրոնի լոգոներով շապիկ է` յուրաքանչյուրն իր պայուսակով:

ԵՄ Կենտրոնը ԵՄ կողմից ֆինանսավորվող «Աջակցություն ԵՄ հաղորդակցությանը` Հայաստանում բարեփոխումների վերաբերյալ» ծրագրի հիմնական բաղկացուցիչն է։ Այն հաղորդակցության մասնագիտական հաստատություն է, որը համակարգում է Հայաստանում ԵՄ կողմից ֆինանսավորվող ծրագրերի հաղորդակցությանն ուղղված գործունեությունը։ Կենտրոնի կայքէջը Հայաստանի հետ ԵՄ-ի համագործակցության հիմնական հարթակն է։ Ծրագրի տեւողությունը երկու տարի է, այն իրականացվում է «GOPA-Cartermill S.A»-ի կողմից՝ «ALTAIR Asesores» եւ «Ֆայնբերգ» ընկերությունների հետ համատեղ։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am