Այսօր Կառավարության ընդունելության տանը պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը քննարկվել են Ասիայում եւ Արեւելյան Եվրոպայում եզակի գիտահետազոտական կենտրոն հանդիսացող Գառնիի դիտարանի վերագործարկման եւ վերազինման հնարավորությունները:

Ըստ այդմ, ռուսական պատվիրակության կազմում Հայաստան ժամանած Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի երկրաֆիզիկական ծառայության տնօրեն Ալեքսեյ Մալովիչկոն եւ ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետ Հրաչյա Պետրոսյանն այցելել են Գառնիի երկրաֆիզիկական դիտարան:

Այցի հիմնական նպատակն էր տեղում ուսումնասիրել եւ գնահատել դիտարանի ներկա վիճակը, ինչպես նաեւ քննարկել դրա վերականգնման հնարավոր տարբերակները։

Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալության պետի եւ դիտարանի տնօրենի ուղեկցությամբ Ալեքսեյ Մալովիչկոն շրջել է թունելախորշում, ծանոթացել այնտեղ տեղադրված սարքավորումներին եւ շենքի ընդհանուր վիճակին։

Վերջերս ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության գործակալությանը հաջողվել է գտնել դիտարանում եզակի չափումներ իրականացնող սարքերը նախագծող ու տեղադրող մասնագետներին, որոնք ներկայումս աշխատում են Մոսկվայում գտնվող ՌԴ ԳԱԱ Երկրաֆիզիկայի ինստիտուտում։ Մոսկովյան ինստիտուտը պատրաստակամություն է հայտնել աջակցելու նշված սարքերի վերագործարկման աշխատանքներին։ Այցելելով դիտարան եւ տեղում ճշտելով թունելախորշում տեղադրված սարքերից երեքի՝ դեֆորմոգրաֆի, թեքաչափի եւ լազերային ինտերֆերոմետրի ներկա վիճակը` ՍՊԾ մասնագետները կազմել են մանրամասն եզրակացություն, որն ուղարկվել է մոսկովյան ինստիտուտ` սարքերի վերագործարկման տարբերակները քննարկելու համար։

Դրանից հետո մշակվել է Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի (ԳԵԴ) վերագործարկման եւ վերազինման ծրագիր։

Դիտարանի վերագործարկումը հնարավորություն կտա նոր եւ ավելի հուսալի դիտարկումների հիման վրա գնահատել ՀՀ տարածքի երկրակեղեւի լարվածադեֆորմացիոն վիճակը, ուսումնասիրել երկրաշարժերի առաջացման մեխանիզմները, անջատել երկրաշարժերի նախանշաններ, գնահատել ընթացիկ սեյսմիկ վտանգը եւ, որպես հեռահար կարեւորագույն գիտական եւ սոցիալական խնդիր՝ կանխատեսել ուժեղ երկրաշարժերը:

Կայանը գրանցում է աշխարհում տեղի ունեցող բոլոր միջին ուժի եւ ուժեղ երկրաշարժերը:

 Վերազինելուց եւ վերագործարկելուց հետո դիտարանը կդառնա միջազգային նշանակության սեյսմիկ կենտրոն, որից ստացվող ամբողջ տեղեկատվությունը կփոխանցվի ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոն: Դիտարանում տեղադրված է 375 մ երկարությամբ բացառիկ դեֆորմոգրաֆ։ Եվ Հայտնի է, որ ինչքան երկար է դեֆորմոգրաֆը, այնքան ճշգրիտ տվյալներ են գրանցվում երկրակեղեւի շարժի վերաբերյալ: