Ամենաաղմկահարույց գործով (Ռուբիի գործ), որով անցնում է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնին, վերջակետ է դրված: Նա մեղավոր է ճանաչվել անչափահաս աղջկա սեքս-ծառայություններից օգտվելու մեջ եւ դատապարտվել 7 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ Միլանի դատախազ Իլդա Բոկասինին պահանջել է Բեռլուսկոնիին ազատազրկել 6 տարով եւ զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Դատախազը վստահ էր, որ 2010 թվականին նախկին վարչապետը փողի դիմաց սեքսով է զբաղվել այն ժամանակ անչափահաս մարոկկացի Քարիմա էլ-Մահրուգի հետ, հաղորդում է НТВ-ն:
Քարիմա էլ-Մահրուգը (մականունը՝ սրտերի գող Ռուբի) 2010-ին, իսկապես եղել է «բունգա-գունգա» երեկույթների մշտական հյուրը, որը Բեռլուսկոնին կազմակերպում էր Միլանի իր շքեղ առանձնատանը: Դատարանում Բեռլուսկոնին վստահեցնում էր, որ իր կազմակերպած երեկույթների ժամանակ ոչ մի սեքս չի եղել:
Իտալիայի նախկին վարչապետին նաեւ մեղադրում են այն բանում, որ չարաշահել է իր պաշտոնական դիրքը եւ օգնել Ռուբիին խուսափել պատասխանատվությունից, երբ նա բռնվլ է գողության մեջ: Բեռլուսկոնին խոստովանել է, որ դա արել է բարի մտադրություններից ելնելով, իբր Ռուբին ասել է, որ ինքը Հոսնի Մուբարաքի բարեկամն է եւ ինքը ցանկացել է «խուսափել բացասական հետեւանքներից»:
Նշենք, որ Բեռլուսկոնին այս տարի արդեն դատապարտվել է երկու անգամ: Մի դեպքում նա դատապարտվել է 4 տարվա ազատազրկման Mediaset ընկերության հետ խարդախության համար, երկրորդ դեպքում՝ մեկ տարվա ազատազրկման՝ մրցակիցներին ապօրինաբար գաղտնալսելու համար: Բեռլուսկոնին բողոքարկել է այդ որոշումները, ուստի դրանք դեռ ուժի մեջ չեն մտել:




























