ԼՂՀ պաշտպանական բանակը մշտապես մարտական բարձր պատրաստության վիճակում է եւ ի զորու է ցանկացած վայրկյան դիմակայել հակառակորդի ոտնձգություններին։ Այս մասին հայտարարել է ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանը՝ մեկնաբանելով հայ-ադրբեջանական շփման գծում առկա ներկա վիճակը։
Ինչպես նա հայտնել է, ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանը մշտապես խախտում է հրադադարը։ Այսպես, անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է հրադադարի խախտման 87 դեպք։
Կրակոցների հետեւանքով Վերին Չայլուում վիրավորվել է ԼՂՀ Պաշտպանական բանակի սպա Արտյոմ Սահակյանը։
Համաձայն ԼՂՀ պաշտպանության նախարարության, հրադադարի հաստատման պահից՝ 1994 թ. մայիսից, ադրբեջանական կողմը ԼՂՀ դիրքերի ուղղությամբ կրակել է տարբեր տեսակի զենքերից, այդ թվում՝ դիպուկահար հրացաններից, РПГ-7 նռնականետերից եւ «Չյորնայա ստրելա» մեծ տրամաչափի հեռահար զենքից։



























