Ամերիկացի և բրիտանացի զինվորականները առաջին անգամ անօդաչու սուզանավից իրականացրել են մեծ հեռահարության ծանր տորպեդի արձակում, հայտնել են ԱՄՆ ռազմածովային ուժերը։

Ամերիկյան Mk-48 տորպեդի փորձնական արձակումը իրականացվել է բրիտանական XV Excalibur անօդաչու ստորջրյա ապարատից սեպտեմբերի 13-ին Շոտլանդիայի ափերի մոտ գտնվող ստորջրյա փորձադաշտում։

Ինչպես նշել են ԱՄՆ ռազմածովային ուժերում, փորձարկման ընթացքում հաջողությամբ հաստատվել է ամերիկյան կինետիկ մարտական բեռնվածքի ինտեգրման հնարավորությունը դաշնակիցների ինքնավար ստորջրյա ապարատի հետ։ Սա ապացուցել է, որ դաշնակից ուժերը կարճ ժամկետներում ի վիճակի են ապահովել սպառազինության համակարգերի փոխադարձ փոխարինելիություն, ընդգծել են ամերիկացի զինվորականները։

«Այս հաջող փորձարկումները պատմական իրադարձություն դարձան դաշնակիցների ստորջրյա գործողությունների համար։ Այն փաստը, որ մենք կարողացանք անխափան կերպով ամերիկյան ծանր տորպեդ արձակել Թագավորական նավատորմի ինքնավար ստորջրյա ապարատից, հաստատում է մեր ընդհանուր տեսլականը իրական փոխադարձ փոխարինելիության վերաբերյալ», - հայտարարել է ԱՄՆ ռազմածովային ուժերի շտաբի պետ, ծովակալ Դэрիլ Քոդլը։

«Դաշնակիցների հարթակներում ինտեգրելով սպառազինության համակարգերը, օգտակար բեռնվածքը և առաջադրանքների կատարման ճարտարապետությունները՝ մենք բարձրացնում ենք մեր միավորված ուժերի ճկունությունը, մասշտաբայնությունը և մարտական հզորությունը՝ ապահովելով դրանց պատրաստվածությունը ապագայի ռազմավարական խնդիրների լուծման համար», - հավելել է նա։

Mark-48 (Mk-48)-ը ունիվերսալ հեռակառավարվող տորպեդ է՝ մինչև 50 կմ հեռահարությամբ և 295 կգ կշռող մարտական մասով։ Այն նախատեսված է վերգետնյա թիրախների և արագընթաց սուզանավերի խոցման համար։ Mk-48-ը օգտագործում է ակտիվ և պասիվ ինքնաուղղորդման համակարգ։ Բացի այդ, այս տորպեդները համալրված են բազմակի հարձակման համակարգով, որը կիրառվում է թիրախի կորստի դեպքում։ Mark-48-ը ինքնուրույն իրականացնում է թիրախի որոնում, հայտնաբերում և հարձակում։

XV Excalibur-ը գերխոշոր ստորջրյա անօդաչու սարք է, որը կարող է հաղթահարել մինչև 1 հազար ծովային մղոն (1852 կմ), ինքնավար կերպով ջրի տակ մնալ մինչև հինգ օր և սուզվել ավելի խորը, քան Թագավորական նավատորմի անձնակազմով կառավարվող սուզանավերը։ Ապարատը ջուր է իջեցվել 2025 թվականի մայիսի 15-ին բրիտանական Դևոնպորտ ռազմածովային բազայում։