Հայաստանի անվտանգության ապահովման համար ուժերն ու միջոցները բավարար են, եւ այդ առումով հուզմունքի որեւէ առիթ չպետք է լինի: Այս մասին, այսօր՝ հունիսի 25-ին, Երեւանում հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը` մի շարք երկկողմ փաստաթղթեր ստորագրելուց հետո:

«Այցելել ենք 102-րդ ռազմաբազա, համոզվել, որ մեր զինվորականները, բանակը եւ սահմանապահները եւ նրանց հետ համագործակցողները կապահովեն Հայաստանի հուսալի անվտանգությունը»,-ասել է Պատրուշեւը:

Մեկնաբանելով լրատվամիջոցներում շրջանառող տեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանը զենք է վաճառում Ադրբեջանին, Պատրուշեւն ընդգծել է, որ Ռուսաստանը` զենք վաճառելով, իրականացնում է գոյություն ունեցող բոլոր միջազգային պարտականություններն ու պահանջները, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության օրենքները: Ընդ որում, Պատրուշեւը հիշեցրել է Հայաստանի հետ առկա ռազմավարական հարաբերությունների մասին: