«Արմավիա» ընկերության նախկին աշխատակիցներն այսօր՝ հունիսի 25-ին, կրկին բողոքի ակցիա են անցկացրել «Արմավիա»-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով իրենց մի քանի ամսվա աշխատավարձերը (ֆոտոռեպորտաժ):
Նախկին աշխատակիցներից մեկի խոսքով՝ ընկերության արդեն նախկին աշխատակիցների 60-70 տոկոսը հեռացել է Հայաստանից՝ դրսում աշխատանք գտնելու հույսով: «Մենք չենք ուզում հեռանալ, ուզում ենք այստեղ աշխատել, բայց եթե այդպիսի հնարավորություն չունենանք, մենք էլ ստիպված ենք լինելու հեռանալ»,-ասաց օդաչուներից մեկը:
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ «Արմավիայի» ղեկավար Միխայիլ Բաղդասարովը դիտավորյալ իրենց աշխատավարձը չի տալիս, քանի որ իրենք այդ բարձը բարձրացրել են նախագահի առջեւ եւ բողոքի ակցիաներ են անցկացնում:
«Արմավիայի» նախկին աշխատակիցները մտադիր են դիմել դատարան:
Նշենք, որ բողոքի ակցիայի պահին ընկերության դռները փակ էին եւ ոչ ոք չընդունեց ակցիայի մասնակիցներին: Նրանք բողոքի երթով շարվել են դեպի Կառավարության շենք:
Հիշեցնենք, որ դեռեւս հունիսի 14-ին, ընկերության տնօրեն Նորայր Բելույանը լրագրողներին հայտարարել էր, թե աշխատավարձերն աստիճանաբար մարվում են: «Ամեն օր աշխատավարձ տրվում է, մի օր քիչ, մի օր շատ, բայց բոլորին հերթականությամբ աշխատավարձերը տրվում են», - վստահեցրել էր տնօրենը, սակայն օդաչուները պնդել էին, որ իրենք աշխատավարձ չեն ստացել:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Արմավիա» ավիաընկերության նախկին օդաչուները, բորտուղեկցորդներն ու ավիաինժեներները հայտարարել են, որ ընկերությունն իրենց 7 ամսվա աշխատավարձը չի վճարել: Բացի այդ, նրան նշել են, որ 2011 թվականից սոցվճարներ չեն արվել իրենց անունով. պահումներն արվել են, աշխատավարձ ստացել են, բայց հիմա պարզվել է, որ 2011-ից մինչ 2012թ. նոյեմբեր ընկերությունը սոցվճարներ չի արել: Նշենք, որ «Արմավիա» ընկերությունը հայտարարել է սնանկության գործընթաց սկսելու մասին, սակայն ՀՀ օրենսդրությամբ՝ ընկերությունները միայն դատարանի կողմից կարող են սնանկ ճանաչվել:
Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am




























