Ադրբեջանը  չի դադարում սպառազինությունների մրցավազք սկսելու փորձերը: Այս մասին այսօր՝ հունիսի 26-ին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցին, որն առնչվում էր Ռուսաստանի կողմից  Ադրբեջանին զենք վաճառելուն:

Նշելով, որ Հայաստանին չի կարող չանհանգստացնել  Ռուսաստանի կողմից  Ադրբեջանին զենք վաճառելը, նախարարը միաժամանակ հիշեցրել է, որ ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը բավական բարձր մակարդակում է գտնվում. «Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի պահպանենք ուժերի հավասարակշռությունը՝ ոչ միայն քանակական, այլեւ որակական առավելության շնորհիվ», - նշել է նախարարը:

Նրա խոսքով՝ այս թափանցիկությունը հանգեցնում է  նրան, որ ամեն մի մատակարարում եւ հավասարակշռության խախտում, այդ թվում՝ ռազմավարական գործընկերոջ կողմից,  դառնում է վերահսկելի. «Մենք սերտ կապեր ունենք ՌԴ-ի հետ: Նախօրեին ռազմատեխնիկական համագործակցությանն ուղղված կարեւոր փաստաթուղթ է ստորագրվել, այն հնարավորություն կընձեռի համագործակցությունը կառուցել առավել բարձր մակարդակում: Այն նաեւ երկու երկրների ռազմական արդյունաբերություններին հարաբերությունների խորացման մասին պայմանագիր կնքելու եւ նոր ձեռնարկություններ ստեղծելու հնարավորություն կտա», - նշել է  Սեյրան Օհանյանը:

Նախարարը կրկին ընդգծել է, որ իրավիճակը վերահսկելի է. «Ինչ վերաբերում է սպառազինությունների մրցավազքին, մենք բազմիցս  ասել ենք, որ Ադրբեջանի  ղեկավարությունը փորձում է տարածաշրջանում սպառազինությունների մրցավազք սկսել: Մենք թույլ չենք տալիս մեզ կուրորեն ներքաշել սպառազինությունների մրցավազքում: Մենք շեշտը որակի վրա ենք դնում»:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am